Թուրքական մամուլի պնդմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է մարզել Սիրիայի քրդերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

YPG

Ըստ թուրքական լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների` Միացյալ Նահանգները շարունակում է ռազմատեխնիկական աջակցություն ցույց տալ Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG): Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Նշվում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը Հասեկեի Աբդուլազիզ լեռան վրա շուրջ 3 ամիս զինավարժանքներ են անցկացրել 400 քուրդ զինյալների հետ:

Իսկ ինչպես հայտնի է, YPG-ն էլ թուրքական իշխանությունները նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսացության (PKK-ՔԲԿ) հետ:

Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով Սիրիայի իրենց աղբյուրները, հայտնում են, որ զինավարժանքներին ներկա են գտնվել ամերիկացի հրամանատարներ, ինչպես նաև «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Ֆերհադ Աբդի Քոբանի):

Ի դեպ՝ Մազլում Աբդի Քոբանին ներառված  է Թուրքիայում առավել վտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում։ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է նրա արտահանձնումը:

Ենթադրվում է, որ զինավարժանքներին մասնակցած քուրդ գրոհայինները Հասեկեում կհամալրեն YPG-ի շարքերը:

--00--ԱԹ