ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
«Առավոտը» գրում է․ «Կա հայտնի պատմական օրինաչափություն. չնայած հեղափոխությունները, զուտ կարգախոսների մակարդակով, «համընդհանուր երջանկության» փաթեթի մեջ նպատակ են դնում նաեւ անձնիշխանության տապալումը, դրանց արդյունքում, ի վերջո, հաստատվում է մեկ անձի իշխանություն: Ամենահայտնի օրինակներն են Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը՝ իրենց Կրոմվելով, Նապոլեոնով եւ Ստալինով: Իհարկե, դա պատահում է նաեւ ավելի փոքր երկրներում եւ, համապատասխանաբար, ավելի փոքր տրամաչափի քաղաքական գործիչների հետ:
Հեղափոխություն կատարած զանգվածը կարիք ունի բնականոն, հանդարտ կյանքի, որի ընթացքում ակնկալում է, որ կիրականացվեն իրենց իղձերը: Մեծամասնության իղձերի շարքում միանձնյա ղեկավարության վերացումը եւ ժողովրդավարությունն ընդհանրապես չկա: Եթե խոսենք հեղափոխական զանգվածի ոչ նյութական պահանջների մասին, ապա կարելի է ասել՝ մարդիկ ուզում են, որ հարգվի իրենց մարդկային արժանապատվությունը, որ իրենց չկեղեքեն, իրենց սեփականությանն ապօրինի չտիրանան եւ ընդհանրապես հանգիստ թողնեն: Իսկ ինչպիսին կլինի քաղաքական ռեժիմը, եւ արդյոք երկրի առաջին դեմքը կոլեկտի՞վ, թե՞ միանձնյա ղեկավարության ջատագով է, դա քաղաքացիների մեծամասնության համար չորրորդական հարց է:
Կարծում եմ, բոլոր դիտողունակ մարդիկ կհամաձայնեն, որ հիմա Հայաստանում «միապետության» դրսեւորումներն ավելի ուժեղ են, քան երբեւէ. երկրի նախորդ ղեկավարներից ոչ մեկն այնպիսի հնարավորություն չուներ միանձնյա որոշումներ ընդունելու, որքան դա կարող է անել Փաշինյանը:
Իհարկե, առաջ նույնպես ամենաշատը գնահատվում էր անձնական նվիրվածությունն առաջին դեմքին, բայց համաձայնեք, որ, օրինակ, արտգործնախարար Վարդան Օսկանյանը կամ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնուրույն մտածող մարդիկ էին, էլ չխոսենք Տեր-Պետրոսյանի զինակիցների մասին: Հիմա ինչ-որ բան մտածել կամ առաջարկել բացարձակապես պետք չէ. Փաշինյանը, միևնույն է, իրենը կանի. միակ բանը, որն անհրաժեշտ է, հեղափոխական բանաձեւերը կրկնելն է՝ ընդ որում, որքան «քառակուսի» և դոգմատիկ եղանակով է դա արվում, այնքան լավ: Բոլոր պաշտոններում, այդ թվում՝ Ազգային Ժողովում, մարդիկ նշանակվում են այդ սկզբունքով:
Սամվել Բաբայանը պաշտպանության նախարար, ըստ ամենայնի, չի նշանակվի, որովհետեւ այնքան էլ չի համապատասխանում այդ պահանջներին: Իսկ եթե նշանակվի Արշակ Կարապետյանը, դա էլ է միանգամայն բացատրելի. Ապրիլյան պատերազմի ժամանակ որպես ԶՈւ հետախուզության պետ իրեն, մեղմ ասած, անհաջող դրսևորած գեներալը, խնդիրներ ունի «նախկինների» հանդեպ, տվել է այս իշխանությանը ձեռնտու ցուցմունքներ եւ դարձել ներկայիս «արքունիքի» համար շատ ցանկալի անձնավորություն: Եվ հակառակը՝ Հայկ Մարությանը, որը չի ձախողվել որպես Երեւանի քաղաքապետ (կարելի է նրա աշխատանքը գնահատել «3+»), սկսել է ձեռք չտալ: Միապետական տրամաբանությամբ, ավելի լավ է՝ ձախողվեր եւ շարունակեր խոսել «սեւերի» եւ «սպիտակների» մասին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
--00—ԼՄ