Hyundai Sonata-ը բախվել է պատին, կոտրել գազատար խողովակներն ու ընկել երկաթգծի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է հուլիսի 15-ին Լոռու մարզում տեղի ունեցել կասկադյորական ավտովթարը, երբ Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը Hyundai  Sonata-ով բախվել է պատին, գազատար խողովակին և բարձրությունից ընկել երկաթգծի վրա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 15-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը իր վարած Hyundai  Sonata մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի ավտոգազալցակայանի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էր ճամփեզրի պատին, այնուհետև գազատար խողովակին, պատճառել նյութական վնաս և մոտ 1 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա:

Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արա Նազարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էին նաև «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության  ներկայացուցիչները, քանի որ  վթարի պատճառով ավտոմեքենան վնասել էր երկաթուղային ուղին, գծերի մոտով անցնող այլ ենթակառուցվածքը, ինչ հետևանքով երկար ժամանակով դադարեցվել է գնացքների երթևեկությունը Հայաստան-Վրաստան երկաթուղու հատվածով:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

--00--ԱՀ