Ալիևը մի քանի անգամ հանդես է եկել տարածքային նկրտումներով․ Ռուբինյանը՝ ԵԽ պատգամավորին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

1

Հուլիսի 20-ին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպել են Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի հետ:

Ողջունելով հյուրին՝ հայ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ֆրանսիացի բարեկամներին տարբեր նախաձեռնություններում մշտապես Հայաստանին աջակցելու համար:

Հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավորները ներկայացրել են իրավիճակը տարածաշրջանում՝ այն գնահատելով լարված:

«Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ծայրահեղ ագրեսիվ հայտարարությունների և գործողությունների: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն հանդես է եկել ՀՀ տարածքների հանդեպ նկրտումներով»,- ընդգծել է Ռուբեն Ռուբինյանը:

Նշվել է, որ մի քանի օր առաջ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանցիները սկսել են կրակահերթեր արձակել հայկական զորամիավորումների ուղղությամբ, ինչի հետևանքով ունենք զոհ ու վիրավոր:

Այս համատեքստում կարևորվել է միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա՝ խուսափելու հետագա զարգացումներից:

Նատալի Լուազոն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա էսկալացիայի, բոլոր հայ ռազմագերիների վերադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցի վերաբերյալ:

«Այսօր յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքրիկ ֆրանսիացին գիտի՝ ինչ է Հայոց ցեղասպանությունը: Յուրաքանչյուր ֆրանսիացի գիտի՝ որքան է տառապել հայ ազգը նախկինում և սգում է այսօրվա կորուստները: Ֆրանսիան յուրահատուկ դերակատարություն ունի Եվրոպայում, այն է՝ ներկայացնել եվրոպացի գործընկերներին իրական մարտահրավերները, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը»,- նշել է Լուազոն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Անդրադառնալով Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին՝ հայ խորհրդարանականները կարևորել են եվրոպացի գործընկերների աջակցությունը: Նշվել է, որ բարեփոխումների լիարժեք իրականացումը հնարավոր կդառնա միմիայն տարածաշրջանում կայունություն ապահովելու պարագայում:

--00—ԼՄ