Տղամարդն իր այգի մտնելու համար սատկացրել է «Զազո» և «Զոզո» խոշոր եղջերավոր անասուններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Զոզո

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 19-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան քաղաքի «Աղսու» կոչվող հանդամասում Իջևանի բնակիչ 63-ամյա Վարազդատ Խ․-ն որսորդական հրացանից կրակել և սատկացրել է երկու խոշոր եղջերավոր անասուն։ 

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Վարազդատ Խ․-ին, այնուհետև պարզել են, որ անասունները պատկանել են Իջևան քաղաքի բնակիչ 48-ամյա Կարինե Բ․-ին։ Արդեն ոստիկանությունում Վարազդատ Խ-ն խոստովանել է, որ նշված անասուններին սատկացրել է այն բանի համար, որովհետև մտել են իր այգին, ու ոստիկանների պահանջով ներկայացրել է իրեն պատկանող 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը, ինչպես նաև «Վալտեր» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։ Խոշոր եղջրավոր անասունները, որոնց կոչում էին «Զազո» և «Զոզո», տուժածի ապրուստի միջոցն էին, իսկ կրակողին գյուղում ճանաչում են «Մալխաս» մականվամբ։ 

--00--ԱԹ