«Օրենքի դիկտատուրա»՝ պողպատե մանդատով․ իշխող թիմն իրեն դրել է օրենքից վեր ու դուրս․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

սդ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում միշտ օրակարգային հարց է եղել իրավական պետություն կառուցելու և օրենքի գերակայություն հաստատելու հարցը։ Ճիշտ է՝ ժամանակի ընթացքում ընդունվել են տարբեր օրենսդրական ակտեր, հաճախ՝ հրաշալի, անթերի, սակայն օրենքների ընդունումն այլ հարց է, իսկ դրանց կիրարկումը ռեալ պրակտիկայում՝ մեկ այլ հարց։ Սահմանադրությամբ Հայաստանը իրավական պետություն է։ Բայց իրավական պետություն ստեղծելու մտադրությունը կարող է ընդամենը դատարկ խոսքի վերածվել, եթե չեն իրականացվում գլխավոր օրենքի՝ Սահմանադրության պահանջները։ Իսկ Սահմանադրությունը հռչակում է, որ պետական իշխանության իրականացումը կատարվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Այսինքն՝ եթե խախտվում է իշխանության ճյուղերի տարանջատվածությունն, ապա գործ ունենք օրենքի գերակայության հիմքերի խարխլման հետ։ Իսկ այս լույսի ներքո հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը նախ՝ ձեռնամուխ եղավ օրենսդիր իշխանության նկատմամբ ճնշումներին։ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին նրա դրդմամբ ցուցարարները շրջափակեցին Ազգային ժողովը, և այդ ճնշման արդյունքում դեկտեմբերին տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Օրենսդիր իշխանության «հարցերը լուծելուց» կարճ ժամանակ անց գործադիր իշխանությունն այս անգամ արշավանք սկսեց դատական իշխանության դեմ։ Իսկ ինչո՞ւ պետք է Փաշինյանը նման քայլերի դիմեր, եթե ԱԺ-ում արդեն մեծամասնություն ուներ։

Հարցն այն է, որ իշխանություններին դուր չէր գալիս դատական իշխանության անկախությունը և ինքնուրույնությունը, իրենց պետք էր ունենալ խամաճիկ արդարադատության համակարգ, որպեսզի իրենց իշխանությունը նույնականացնեին պետության հետ։ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը ժամանակին հայտարարում էր. «Պետությունը ես եմ»: Այս նույն միապետական կանոնով փորձում է առաջնորդվել նաև Փաշինյանը, ինչի արդյունքում ժամանակի հետ իշխող թիմը փորձեց իրեն վեր դասել օրենքից։ Նախ՝ իշխանությունների կողմից նախաձեռնվեց դատարանների շրջափակումը, ապա դատավորների նկատմամբ ճնշումները։ Իսկ որոշ ժամանակ անց գործող ղեկավարությունն անցավ Սահմանադրական դատարանի դեմ հարձակումներին։ Սակայն զարմանալին այն է, որ անվտանգային ու տնտեսական ամենակարևոր հարցերը թողած՝ իշխանությունները ՍԴ դատավորների կազմը փոխելու նպատակով իրենց ողջ ռեսուրսները կենտրոնացրել էին այս ուղղությամբ։

Անգամ հորինվեց ՍԴ-ում ճգնաժամ ունենալու միֆը, իսկ դատավորները հայտնվեցին իշխանական հետապնդումների կենտրոնում։ Այս հարցին իշխանություններն այնպիսի առանձնահատուկ կարևորություն էին տալիս, որ Փաշինյանը ձեռնամուխ եղավ անգամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը։ Կարծես ՍԴ-ի հարցը կենաց ու մահու խնդիր էր դարձել իշխանությունների համար, քանի որ նրանք օրուգիշեր միայն իրենց հորինած գլուխկոտրուկով էին զբաղված։

Եվ պատահական չէ, որ չկայացած հանրաքվեի կարճ քարոզարշավի ընթացքում անգամ անտեսվեց համաճարակային կանոնների պահպանումը, իսկ երբ կորոնավիրուսի համավարակը սկսեց մեծ արագությամբ տարածվել, իշխանություններն արդեն անտեսեցին հանրության ձայնը։ Արդյունքում, ինչպես գտնում են իրավաբանները, իշխանությունները դիմեցին հակասահմանադրական քայլի՝ ԱԺ-ում հապշտապ անցկացրին սահմանադրական փոփոխություններն ու լուծեցին ՍԴ մի շարք դատավորներից ազատվելու հարցը։ Եվ հիմա է արդեն պարզ դառնում, թե իշխանությունների մտադրություններն ինչքան հեռու էին գնում, ինչու էին այդքան հիվանդագին սևեռվել ՍԴ-ի ուղղությամբ։ Իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ նրանց համար կարևոր էր, որ հավանական ընտրությունների դեպքում ակնառու ընտրախախտումներից ու վարչական ռեսուրսների չարաշահումից հետո ընտրությունների արդյունքները ՍԴ-ի կողմից թողնվեն նույնը, իշխանական վիճահարույց օրենքները հանկարծ հակասահմանադրական չճանաչվեն, կապիտուլ յացիոն պարտության արդյունքները չվիճարկվեն, իսկ թշնամուն արվելիք զիջումները լեգիտիմացվեն։ Իսկ վերջնական նպատակն այն է, որ երբ արդեն գա Ադրբեջանի հետ համապատասխան պայմանագրեր կնքելու պահը, ՍԴ-ն հանկարծ չհամարձակվի խնդիրներ ստեղծել։

Այս տրամաբանությամբ էլ իշխանություններին պետք էր հետևողականորեն հասնել արդարադատության ողջ համակարգն իրենցից ծայրահեղ կախման մեջ գցելուն, որը հնարավորություն կտար գործեր սարքել ընդդիմադիրների և բոլոր այն համայնքապետների վրա, ովքեր կարող են ուժեր մոբիլիզացնել թշնամուն արվող զիջումները կանխելու նպատակով։ Այսպիսին է պողպատե մանդատի զորությամբ Փաշինյանի հռչակած «օրենքի դիկտատուրան»։ Դրա արդյունքներն արդեն երևում են ընտրություններից հետո, քանզի եթե մինչ այդ դատական համակարգը դեռ պահպանում էր անկախության որոշ էլեմենտներ, հիմա կարծես այդ վերջին հույսն էլ է մարում»:

Առավել մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

--00—ԼՄ