ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
Այսօր՝ հուլիսի 19-ին, Շուշի քաղաքի կերպարվեստի թանգարանը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղահանված երեխաների համար կազմակերպել է հոգեբանական թերապիա՝ նկարչաթերապիա: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հոգեբանական թերապիան անց է կացրել հոգեբան Մարիամ Գասպարյանը:
«Շուշի քաղաքի կերպարվեստի թանգարանը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, երեխաների հետ է և յուրաքանչյուր իրավիճակում փորձում է գտնել ստեղծված խնդիրների հաղթահարման ճանապարհներ: Պատերազմը` իր դեստրուկտիվ և ստրեսածին բազմաթիվ կողմերով, տրամվատիկ ազդեցություն է ունեցել մատաղ սերնդի վրա. այսօր նրանց մոտ վտանգված է աշխարհի, մարդկանց և սեփական անձի վերաբերյալ դեռևս լիարժեքորեն չձևավորված համոզմունքային համակարգի կայունությունը, ինչի հետևանքները կարող են դրսևորվել բազմատեսակ հոգեբանական և վարքային խանգարումներով և բարդություններով: Թանգարանի ղեկավարությունը, կարևորելով պատերազմից տուժած երեխաների հոգեկան առողջությունը, տեղահանված երեխաների համար կազմակերպել է արտթերապևտիկ աշխատանքներ, որոնց մասնակցել են 10-12 տարեկան երեխաներ ԱՀ Շեխեր, Ջիվանի, Թաղավարդ, համայնքներից»,- մեզ հետ զրույցում նշել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը:
Մեր զրուցակցի հավաստմամբ՝ ծրագիրն անպայման շարունակական բնույթ է կրելու:
--00--ԿԿ