Արյունոտ «ռազբորկա» Երևանի սրտում. Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ գործող ա՞նձ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Հուլիսի 18-ին՝  լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ամիրյան փողոցի` դեպի Սարյան հատվածում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության դիմաց կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կրակել են 01 LN 015 պետհամարանիշով սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայի մեջից: 

Ըստ տեղեկությունների՝ կրակոցներ արձակած անձի ընկերները գնացել Էին դեպքի վայր և ցանկացել սննդի կետից հեռացնել տեսախցիկները։ 

Այսօր Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են հնչել: Նույն օրը «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ոտքի շրջանում հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի՝ ծնված 1979թ.-ին։ 

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Ավելի ուշ, Shamshyan.com-ը տեղեկացրեց, որ իրենց ունեցած տեղեկություններով կրակոցներ արձակած անձը՝ Ռոբերտ Սուքիասյանը, հայտնի գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կրակոցներից հետո Ռոբերտ Սուքիասյանը դեպքի վայրից արագ հեռացել է, նա եղել է վրացական պետհամարանիշով թանկարժեք սպորտային մեքենայով:

24News-ը տեղեկությունը փորձեց ճշտել Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, ով նշեց, որ տեղեկություն չունի արդյո՞ք կրակոցներ արձակած անձը խաչատուր Սուքիասյանի եղբայրն է թե ոչ, բայց տեղյակ է, որ Խաչատուր Սուքիասյանը Ռոբերտ Սուքիասյան անուն -ազգանունով եղբայր ունի:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ