Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կրակոցներ է հնչեցրել Երևանում. Shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Հասարակական

Երեկ՝ հուլիսի 18-ին, Երևանի կենտրոնում՝  Ամիրյան փողոցում՝ Ազգային անվտանգության ծառայության Երևանի վարչության մոտ հնչած կրակոցների փատով ստեղծվել է քննչական խումբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկյաի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա  Հարութ Հաբգարյանի միջև: Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝  Ռ. Սուքիասյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերել են  3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր:

Այսօր՝ հուլիսի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաներում, «Նաիրի»  բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք»  ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ա. Ապիյանն է, ով նշված վիճաբանության ժամանակ դանակահարվել է: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նրա մոտ հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակ, այնուհետև, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանները  պարզել են, որ նրան այդ վիճաբաության ժամանակ դանակահարել է  35-ամյա Նարեկ Կարապետյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կասկածյալներին,  հանցագործության գործիք հրազենն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ կրակոցներ արձակած Ռ. Սուքիասյանը հայտնի գործարար, «Գռզո» մականվամբ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,  հուլիսի 18-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ամիրյան փողոցում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ կրակոցներ են հնչել:  

Ժամանել էին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել էր նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը: Տեղում էին նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր և կրակված պարկուճներ: Դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արամ Այվազյանի և բաժնի պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ:

Աղբյուրի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: