Ի՞նչ մեղադրանքներ են ներկայացված Սյունիքի համայնքապետերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

Սյունիք համայնքապետեր

Հուլիսի 17-ին կալանավորվել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը): 

24News-ն ի մի է բերել Սյունիքի համայնքապետերի նկատմամբ առաջադրված մեղադրանքներն ու խափանման միջոցները: 

Հուլիսի 8-ին կալանավորվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը: Համայնքապետին մեղադրանք է առաջադրվել Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու մասով: 

Հուլիսի 9-ին ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Որոտան գյուղի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը: Համաձայն ՔԿ հաղորդագրության՝ Որոտանի գյուղապետը բնակիչներին առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք կբավարարվեն: Արդյունքում 31 անձինք ներկայացրել են դիմումներ, որոնք Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հունիսի 9-ի որոշմամբ բավարարվել են: Պարզվել է, որ նշված դիմումատուների մեծ մասը հանդիսանում են Որոտանի գյուղապետի ընտանիքի անդամները:

Որոտանի գյուղապետը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Հուլիսի 10-ի գիշերը կալանավորվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը)։

Հուլիսի 13-ին երկու ամսով կալանավորվել է Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանը։ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել՝ երկու ամսով կալանավորել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

Նկարագրված արարքների կատարման համար Առուշանյանին 15.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

--00--ԱԹ