Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Լոռու մարզի ազատությունից զրկման վայրեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, մշտադիտարկումներ են իրականացվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի և Տաշիրի, ինչպես նաև Վանաձոր քաղաքի Տարոնի և Բազումի բաժիններում և ձերբակալվածների պահման վայրերում:

«Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի և սննդամթերքի ժամկետներին համապատասխանությունը, աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց և հաստատությունների աշխատակիցների հետ:

Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների ղեկավարների հետ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ամփոփված վերլուծական տեղեկանքները՝ արձանագրված խնդիրներով և դրանց լուծման առաջարկներով, կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:

--00--ԱՀ