Կորած հայ զինվորները հայտնվել են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում. Sputnik.Armenia

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Սև լիճ

Օրերս անհետացած երկու հայ զինծառայողները հայտնվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Այս մասին հայտնում է Sputnik.Armenia-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Ներկայում բանակցություններ են վարվում՝ մոտ օրերս նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ Պաշտպանության նախարարությունից կայքին հայտնել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում: Ավելին, ՊՆ-ից տեղեկացրել են, որ որոնողա-փրկարարական աշխատանքները ներկայում շարունակվում են: Նրանք խորհուրդ են տվել հետևել պաշտոնական հաղորդագրություններին:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, Սև լճի մերձակայքում՝ մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Ըստ ՊՆ–ի` զինծառայողները եղել են առանց զենքի։

--00--ԱԹ