Ակնկալում եմ հյուրընկալել Ձեզ Հայաստանում․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

մակրոն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի կապակցությամբ:  Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Մեծարգո պարո՛ն նախագահ, թանկագի՛ն Էմանուել, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ։

Ավելի քան երկու դար առաջ ֆրանսիացի ժողովուրդը համախմբվեց ազատության, հավասարության և եղբայրության արժեքային առանցքի շուրջ՝ եվրոպական քաղաքակրթության համար ճանապարհ հարթելով դեպի մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա։ Իսկ այսօր Հայաստանը, իր հավատարմությունը ցույց տալով նույն անբեկանելի արժեքներին, վճռական քայլերով շարունակում է առաջ ընթանալ ժողովրդավարական ինստիտուտների և իրավունքի գերակայության ամրապնդման ուղիով։

Անվիճելի է, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ընդհանուր արժեքների և դարավոր բարեկամության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները կրում են առանձնաշնորհյալ բնույթ։ Երկու պետությունների միջև բացառիկ քաղաքական երկխոսությունը թույլ է տալիս հաջողությամբ համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ծրագրերի ու հարցերի շուրջ։ 

Անցած տարի տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համատեքստում Հայաստանն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում բարեկամ Ֆրանսիային անաչառ դիրքորոշման և Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։ Ֆրանսիան և ֆրանսիացիները հերթական անգամ մեր կողքին էին պատմական այս դժվար շրջափուլում:  

Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Ֆրանսիայի ամուր ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Մենք բարձ ենք գնահատում Ֆրանսիայի ջանքերը հայ ռազմագերիների տուն վերադարձի և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցերում։

Ակնկալում եմ առաջիկայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ պետական այցով: 

Մեծարգո պարոն նախագահ,

Ֆրանսիայի միասնականությունը և հերոսական պատմությունը խորհրդանշող տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ  քաջառողջություն, անկոտրում կամք և հաղթանակներ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ ֆրանսիացի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

--00—ԼՄ