Բաքվում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանությունները մեկնաբանել են Շուշի այցելության մերժումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Քաղաքական

ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ չեն մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասները կամ այն պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների, փոխանցում է Panorama.am-ը:

«Նշենք, որ ուրբաթ օրը Բաքվում եղել են մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ, ովքեր չեն կարողացել մեկնել Ֆիզուլի և Շուշի»,-ասել են ԱՄՆ դեսպանությունից:

Հարցին՝ ԱՄՆ-ը տարբեր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ: Ինչու՞ են Միացյալ Նահանգները համահունչ գործում Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի համախմբված դիրքորոշման հետ, ԱՄՆ դեսպանությունը պատասխանել է․

«ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեց 2014 թվականին Ուկրաինայի տարածքը գրավելու, կիբեր վնասակար գործողությունների և հակաահաբեկչական գործողությունների, մարդկանց առևտրի, զենքի տարածման և այլ վնասակար գործողությունների համար:

ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ Ռուսաստանը կվերադառնա միջազգային պարտավորությունների կանոնների վրա հիմնված մոդելի, որը մեզ հնարավորություն կտա կառուցել ավելի կայուն և կանխատեսելի երկկողմ հարաբերություններ:

Միացյալ Նահանգները չեն բացառում համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ երկրներ, երկկողմ և գլոբալ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ինչպիսիք են պատժամիջոցները, զենքի կրճատումը և կլիմայի փոփոխությունը»:

Հարցին՝ ինչո՞ւ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները, հանդես եկան նույն դիրքորոշմամբ և մերժեցին հուլիսի 9-ին Շուշի այցելելու հրավերը, դեսպանությունն ասել է․

«Մենք չենք մեկնաբանում մեր դեսպանի ժամանակացույցի մանրամասները: Խորհուրդ ենք տալիս կապվել Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների հետ՝ այլ դեսպանատների վերաբերյալ մանրամասների համար»։

ԱՄՆ դեսպանատնից հետո Ֆրանսիայի դեսպանատունը պատասխանել է լրատվամիջոցի խնդրանքին, թե ինչ շարժառիթներով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը մերժել Ադրբեջանի կառավարության հրավերը այցելել Շուշի՝ Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ:

«Դեսպանությունը չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցը», - ասվում է Ֆրանսիայի դեսպանատան կողմից ուղարկված պաշտոնական նամակում:

Կայքը գրում է, որ մնում է սպասել Ռուսաստանի դեսպանի պատասխանին։

Հիշեցնենք, որ Բաքվում հավատարմագրված երկրներից 46-ի դեսպաններն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հուլիսի 9-10-ը Ադրբեջանի կառավարության հրավերով այցելել են Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները, սակայն, մերժել էին Ալիևի հրավերը: Ադրբեջանական ԶԼՄ-ները եռանախագահների այս քայլը որակել են որպես «դեմարշ» Ալիևի դեմ:

--00--ԿԿ