Ջրոցի խաղալիս պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ. 13-ամյա տղան ներկայացել է բաժին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

․

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Շենգավիթի բաժին է ներկայացել 13-ամյա պատանի, որը խոստովանական բացատրություն է տվել առ այն, որ Վարդավառի օրը տեղի ունեցած վեճի ժամանակ դանակահարել է 16-ամյա պատանու, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։

«Հուլիսի 11-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ջրոցի խաղալիս երեխաների մեջ անհաշտություն է եղել և իր երեխային դանակահարել են: Մեկնել են ոստիկանության Շենգավիթի բաժնի և պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները:

Ժամը 17.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել դեմքի սալջարդով և թևի վնասվածքով 13 տարեկան տղայի և գոտկային շրջանի ծակած վերքով 16 տարեկան պատանու: 16 տարեկանի ծնողը հայտնել է, որ տղային դանակահարել են, իսկ ըստ 13 տարեկանի ծնողի՝ նրան ծեծել են:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նոր Խարբերդի 14-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, 13 տարեկան տղան դանակով խփել է 16 տարեկանի գոտկային հատվածին՝ պատճառելով վնասվածք:

Բացատրական աշխատանքի շնորհիվ 13 տարեկան տղան գնացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, ներկայացրել դանակը և տվել է խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ