Դատախազությունը կբողոքարկի Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ որոշումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

Ռուբեն Վարդազարյան

ՀՀ դատախազությունը կբողոքարկի ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումն արձանագրող դատական ակտը։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ֊ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»֊ի հետ զրույցում հայտնել է, որ բողոքը կներկայացվի առաջիկայում։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ Վարդազարյանի բողոքը՝ պարտավորեցնելով վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։ Այլ խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։ Դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործը պետք է կարճվի, իսկ Վարդազարյանի լիազորությունները, ամենայն հավանականությամբ, կվերականգնվեն։

ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Նկատենք, որ թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկար, քանի որ քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։

Անգամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանձնարարությամբ պատրաստված ԲԴԽ հաղորդագրության մեջ նշվել էր, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, սակայն փաստն այն է, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշման դեմ երկու բողոք է ներկայացվել, որոնցից մեկով վիճարկվում էր քրեական գործի հարուցումը, մյուս բողոքով՝ Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Երկու բողոքներով էլ բարձրացվել է գործառութային անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտությունը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվել, վարույթն անթույլատրելի էր ի սկզբանե, ինչը հաստատվել է նաեւ դատարանի որոշմամբ։

--00--ԱԹ