«ԳԱՅԻ» փոխարեն՝ երիտասարդ պարեկներ. ի՞նչ փոփոխություններ են երևանյան ոստիկանությունում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Արդեն երկու օր է՝ Երևանի փողոցներում ճանապարհային ոստիկանության՝ հայտնի «ԳԱՅԻ» փոխարեն, փողոցային երթևեկության կարգ ու կանոնին է հետևում նոր պարեկային ծառայությունը։ 

Հինգ ամիս վերապատրաստում անցած պարեկներն ունեն նոր դիզայնով համազգեստ, տեխնիկական ու տրանսպորտային միջոցների հագեցվածություն: Ծառայության պարտականությունն է՝ իրավախախտումների ու պատահարների մասին ահազանգերին օպերատիվ արձագանքում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, կարգավորում, տուժողներին առաջին բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերում ու բազմաթիվ այլ գործառույթներ: 

Շուրջ 700 պարեկային ոստիկաններ մեքենաներով և հետիոտն շրջելու են մայրաքաղաքում ՝ հսկելով կարգուկանոնը։ Ծառայությունը իրականացվելու է շուրջօրյա, օրվա ցանկացած ժամի նույն թվով պարեկներ են լինելու մայրաքաղաքում՝ անկախ ծանրաբեռնվածությունից: 

Ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանն ասում է, որ պարեկային ծառայության հիմնական տարբերությունը փիլիսոփայությունն է․ այն ոչ թե սահմանափակող, սանկցիա կիրառող, այլ հասարակությանն օգնող ու ուղղորդող ծառայություն է։ 

«Մենք ունենք կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ, որոնք մեր առջև դրված են ղեկավարության կողմից: Մեր գերխնդիրն է այնպես անել, որ հասարակությունը 100 տոկոսով վստահի մեզ»,-շեշտում է ծառայության պետը:

Երիտասարդ ոստիկան Մարինե Հովակիմյանը, թեև 2012 թվականից ծառայության մեջ է, սակայն նշում է, որ պարեկի աշխատանքը առավել հետաքրքիր է, պատասխանատվությունն էլ ավելի մեծ:

«Աշխատանքը ծանրաբեռնված է եղել, սակայն քաղաքացիների վերաբերմունքը ոգևորիչ է»,-աշխատանքային երկու օրվա տպավորություններով է կիսվում Հովակիմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ