Իշխանական հարուստները. ովքե՞ր են «փողոտ» ՔՊ-ականները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

24News-ն ուսումնասիրել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում ամենաշատ քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը։ 

Այսպես, ՔՊ-ում ամենահարուստ պատգամավորի թեկնածուն «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանն է, նա ունի 30-ից ավելի անշարժ գույք, մոտ 5 մլրդ դրամ, 2 մլնից ավելի դոլար և 185 000 եվրո։ 

Սուքիասյանը նաև նկարների սիրահար է․ ունի Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Գրիգոր Խանջյանի ու այլ նկարիչների ավելի քան 20 ստեղծագործություն։

Երկրորդ ամենահարուստ թեկնածուն «ՄԱԿ» կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն է։ Նա ունի չորս մեքենա՝ Rang Rover L405, Mercedes Benz S63, Nissan X-trail, Bently Bentayga, ինչպես նաև 18 անշարժ գույք։

Արսենյանի դրամական միջոցները հայտարարագրման պահին կազմել են ավելի քան 26 մլն դրամ, գրեթե 12 մլն դոլար և ավելի քան 140 հազար եվրո։

Արսենյանը ևս նկարների հավաքածու ունի, 20-ից ավելի նկար՝ ընդհանուր կես միլիարդ դրամ արժողությամբ։

ՔՊ-ում, ըստ հարստության, 3-րդ հորիզոնականում Հայկ Սարգսյանն է, որը ներկայացված էր նաև նախորդ գումարման ԱԺ-ում՝ «Իմ քայլը» խմբակցության կազմում։ Սարգսյանն ունի մեկ անշարժ գույք,  2 շարժական գույք՝ Mercedes Benz E350 և Lexus ES 300 մակնիշների։

Սարգսյանի դրամական միջոցները կազմել են մոտ 26 մլն դրամ և 55 հազար դոլար։

4-րդ տեղում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն է։ Ըստ հայտարարագրի՝ նա ունի 14 մլն դրամ, 13 հազար դոլար և 4500 եվրո։

Պապիկյանը՝ որպես նախարար, ունի 18 մլն դրամից ավելի եկամուտ։

ՔՊ-ի ամենահարուստ թեկնածուների հնգյակում է առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը․ 2 մլնից ավելի դրամ, մոտ 20 հազար դոլար և 10 հազարից ավելի եվրո։

Որպես առողջապահության նախարար՝ Թորոսյանը ստացել է 16 մլնից ավելի դրամ։ Եվս 6 մլն դրամ նա աշխատավարձ է ստացել որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Մանրամասները՝ տեսանյութում։