Ռուստամ Բադասանը պարզաբանել է Պարեկային ծառայության հետ կապված որոշ հարցեր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

․

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է հուլիսի 7-ին Երևանում Պարեկային ծառայության աշխատանքի մեկնարկին՝ նշելով, որ այդ կապակցությամբ քաջալերող խոսքերի կողքին հնչել են նաև մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ մտահոգություններ։

«Այսօր առավոտյան ազդարարեցի Երևանում նոր Պարեկային ծառայության մեկնարկի մասին։

Հնգամսյա թիրախային և միջազգային լավագույն փորձի հիման վրա կրթություն ստացած մեր երիտասարդներն այսօրվանից երևանաբնակ մեր քաղաքացիներին ներկայանալու են բարեվարք և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերպարով։

Խոստովանեմ, սպասելիքը, որ մեր քաղաքացիները ոգևորությամբ են դիմավորելու նոր պարեկներին, արդարացավ։ Սակայն քաջալերող խոսքերի կողքին հնչեցին նաև մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ մտահոգություններ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռուստամ Բադասյանը։

Անդրադառնալով Պարեկային ծառայության ավտոմեքենաների POLICE/PATROL գրությանը, նա նշել է, որ այն տեղեկայված է «Պարեկային ծառայություն» հայերեն գրության կողքին։ «Այո, դրա կողքին նշված է նաև Patrol բառը, որը, խոստովանենք, հանրաճանաչ է, բոլորիս համար ընկալելի։ Բացի այդ, քաղաքում կան նաև զբոսաշրջիկներ, որոնց թիվը տարեցտարի, ի ուրախություն բոլորիս, ավելանում է։ Օտարերկրացի մեր հյուրերը հնարավոր է ունենան պարեկների օգնության կարիք ու, Patrol կամ Police գրվածքը տեսնելով, ավելի արագ դիմեն օգնության»,- նկատել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը։

Նա անդրադարձել է նաև Երևանի որոշ հատվածներում հուլիսի 7-ին գրանցված խցանումներին՝ ընդգծելով. «Պարզ է չէ՞ բոլորիս համար, որ Երևանում խցանումների խնդիրն այսօր չառաջացավ ու հենց այսօր էլ այդ խնդիրը չի լուծվելու։ Հավատացնում եմ Ձեզ, որ առաջին օրով գերպատասխանատվությամբ ծառայության դուրս եկած մեր պարեկների համար ևս հեշտ օր չի եղել ու նրանք, ուժերի ներածին չափով, փորձել են նաև ոչ իրենց գործառույթներով պայմանավորված խնդիրը հնարավորինս կարգավորել։ Բայց կարևոր է, որ առաջին իսկ օրվանից մենք հետևողական հավաքագրելու ենք բոլոր խնդիրները, որոնց լուծման համար անգամ ծառայության մեկնարկին զուգահեռ այս օրերին անցկացվելու են ադապտացիոն սցենարային վերապատրաստումներ՝ հանրությանը մատուցվող ծառայության որակն ամեն օր ավելի լավը դարձնելու համար»։

Ինչ վերաբերում է Պարեկային ծառայության տարբերանշանի ընտրությանը, ապա, Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ, այդ նպատակով ՀՀ ոստիկանության կողմից հայտարարված մրցույթին տարբեր առաջարկներ են եղել։ «Ընտրվել է այս տարբերակը։ Բայց, եթե հանրային կարծիքներն ուսումնասիրելուց հետո լոգոն փոխելու անհրաժեշտություն առաջանա, այն անպայման կվերանայենք»,- հավաստել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը։

--00--ԱՀ