Ոստիկանության բաժիններում քաղաքացիները հանձնել են 9 միավոր «Կալաշնիկովի» ինքնաձիգ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանում բնակվող մի տղամարդ հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու պահունակներ, որոնք, ըստ նրա՝ տարիներ առաջ բերել էր Արցախից։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ինչպես և փամփշտատուփի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպք։ Զենք-զինամթերքը բաժին էր բերել Աշտարակ քաղաքի 61-ամյա մի բնակիչ։ Առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում։ Հրազենն ու փամփուշտները բաժին էր բերել Երևանի մի բնակիչ՝ բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը Երևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է ոստիկանության Մաշտոցի բաժնում։ Ըստ նրա՝ ինքնաձիգը բերել էր Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ մայրաքաղաքում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է կարճեցված փողով ու խզակոթով հրացան, պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր հրազենների և տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններում՝ այդ ստորաբաժանումների ծառայողների հետևողական բացատրական աշխատանքի արդյունքում։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի, Հրազդանի և Ջերմուկի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։

Ապօրինի հրազենները Հրազդանի և Ջերմուկի բաժիններ բերած անձինք կամավոր հանձնել են նաև տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կարաբին», «ՏՕԶ» և «ԻԺ» տիպի հրացանների, ինչպես և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «ՏՕԶ» տիպի հրացանի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Գավառի բաժնում։ Դիլիջանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Դիլիջանի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու ինքնաձիգի փամփուշտներ։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00—ՄՀ