Գրիգորի Խաչատուրովին զորացրելը կապված է Տավուշի անկլավների մասին նրա հայտարարության հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Քաղաքական

 

ՀՀ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ ՊՆ-ի պայմանագրի չերկարացումը կարող է կապված լինել Տավուշի այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» նրա համարձակ հայտարարության հետ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը:

«Պետք է նշեմ, որ վերջին տարիներին բանակում զինվորական նշանակումները քաղաքականացվել են ,և գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը չերկարացնելն ու զորացրելն այդ ամենի արդյունքն է», - նկատեց նա՝ հավելելով. «Պետք է նկատի ունենալ, որ այդ հանգամանքը կապված է Տավուշի անկլավների մասին Գրիգորի Խաչատուրովի համարձակ հայտարարության հետ: Ես անընդունելի եմ համարում, որ Գրգիորի Խաչատուրովի նման զինվորականի պայմանագիրը չեն երկարացնում, որովհետև նա զինված ուժերի բանիմաց, գրագետ, լավագույն ճանապարհ անցած բարձրաստիճան սպաներից է, ինչպե՞ս են գտնելու իր նման զինվորական»,- նշեց նա:

Անդրադառնալով երեկ՝ Սահմանադրության օրը, ՀՀ նախագահի հրամանագրով իրավապահ համակարգում գեներալի կոչումներ շնորհելու հանգամանքին, Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ դա վկայում է Կառավարության սխալ քաղաքականության մասին: 

Նրա խոսքով՝ կոչումներ շնորհելը վաղ էր, քանի որ պատերազմի ավարտից մեկ տարի դեռ չի անցել, և քննված չեն պատերազմի հանգամանքները.

«ՊՆ-ում ստեղծվել է հանձնաժողով, որը քննում է պատերազմի հանգամանքները՝ դրական, բացասական կողմերը, նույնը պետք է անեին մյուս ուժային կառույցներում՝ Ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում և քննման արդյունքում պետք է բացահայտեին՝ որո՞նք են բացասական կողմերը»:

Նրա համոզմամբ պատերազմում պարտությունը պայմանավորված է մարտի դաշտում եղած թերացումներով: 

«Այն քաոսը, անօրինականությունը, կարգապահության, կատարողականության ցածր մակարդակը, փախուստը, համազգեստի խախտումները, որը մինչև հիմա շարունակվում է հասարակական վայրերում, այդ ամենի պատասխանատուն ուժային կառույցներն են: Իրենք են եղել պատերազմի ղեկավարները։ Ստորաբաժանումների սխալ գործունեությունը մարտի դաշտում, որոշ դեպքերում փախուստը, թույլ է տալիս մտածելու, որ շուտ էր նրանց կոչումներ շնորհելը, դեռ պատերազմի հանգամանքները պարզված չեն: Վերջին միջոցառումը, որտեղ նրանք իրենց լավագույն կերպով ցույց են տվել, ընտրություններն են: Սա խոսում է այն մասին, որ Կառավարության ղեկավարը վարձահատույց է լինում նրանց, ընտրություններին մասսայական խախտումների, վարչական, ուժային կառուցների, բանակի շրջիկ խմբերի կատարած գործունեության համար:

Հանգում ենք այն եզրակացությանը, որ Կառավարությունը խրախուսում է իրենց շահերի սպասարկումը, պարտվողական քաղաքականությունը, այն անօրինականությունը, որը եղել է պատերազմի դաշտում: Զարմանալի է որ ՀՀ նախագահը հետևություններ չի անում և չի կանխարգելում նման ոչ օրինական ու համապատասխան դրույթները խախտող գործողությունները»,- ավելացրեց նա:

--00--ԿԿ