«Համոզմունքների ու քաղած դասերի պատճառով». ինչո՞ւ Հայրապետյանը չուզեց ընդգրկվել ՔՊ ցանկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

«Գերիների հարցի վերաբերյալ իմ գործունեությամբ փորձել եմ կատարել առավելագույնը, և մինչև 8-րդ ԱԺ-ի ու նոր պատվիրակության ձևավորումը գործընկերներիս հետ կապի մեջ կլինեմ, իմ պարտավորությունները մինչև վերջ կկատարեմ»,- այս մասին 24News-ին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն՝ անդրադառնալով իր պատգամավորական գործունեությանը:

Նրա խոսքով՝ արցախյան վերջին պատերազմը և ընդհանուր ստեղծված իրավիճակը շատ ցավոտ ու դաժան դաս են եղել յուրաքանչյուրի համար, և կարևոր է, որ յուրաքանչյուրը կարծիք, դատողություն, մեղադրանք հայտնելուց առաջ քննադատական լինի իր հանդեպ, ինքն իրեն հարցնի՝ որտեղ հաջողեց կամ ձախողեց: 

«Եթե յուրաքանչյուրն ունակ լինի իր սխալներն ընդունել, վստահ եմ, որպես հանրություն, պետություն կունենանք այլ իրականություն: Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է իր խղճի առաջ, և կարող եմ ասել, որ ես առավելագույնը հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին։ Իսկ իմ պարտավորությունը գերիների հարազատների և հաշմանդամների նկատմամբ չի սահմանակափակվում պատգամավորի մանդատով»: 

Հարցին, թե կշարունակի՞ գործունեությունը քաղաքականության մեջ, Հայրապետյանը նշեց, որ  այս պահին որևէ որոշում չունի: 

Դիտարկմանը, թե ի՞նչ հարաբերություններ ունեք Ձեր կուսակցության անդամների հետ, պատգամավորի թեկնածություն չներկայացնելու որոշումը կուսակցության ներսում քննարկման առիթ դարձավ, թե՝ ոչ, Հայրապետյանը պատասխանեց.

«Յուրաքանչյուրն իր որոշումն է կայացնում: Իմ գործընկերների հետ ունեմ նորմալ գործընկերային հարաբերություններ և վստահ եմ՝ անկախ մեր կայացրած որոշումներից, հարաբերությունները չպետք է տուժեն, որևէ խնդիր չեմ տեսնում: Ես կայացրել եմ իմ որոշումն՝ ըստ իմ համոզմունքների, ձեքբերած և քաղած դասերի»: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ