Տեղեկատվական ահաբեկչությամբ Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան. ԱՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Քաղաքական

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան՝ տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրելով Արցախում ապրող մարդկանց վրա։ Նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը՝ տարբեր մեթոդներով վախ, հուսահատություն և հոգեբանական ճնշվածություն տարածելով Արցախում ապրող մարդկանց շրջանում, այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Եթե մինչ այդ զանգում էին մեր բնակիչներին ու առաջարկում գնել խանութներն ու բնակարանները, այժմ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվացել է «Խանքենդի/Ստեփանակերտ» էջը, որը հստակորեն իրականացնում է արդբեջանական քարոզչամեքենայի պատվերները։ Վերջին գրառմամբ էլ Ստեփակերտի ինքնահռչակ պատգամավորը ներկայացնում է իր գոյություն չունեցող գրասենյակի կոնտակտները՝ իբր թե ակնկալելով, որ Արցախի բնակիչները կդիմեն իրեն։ Սա ադրբեջանական իշխանությունների հերթական մանիպուլյացիան ու երկակի խաղն է՝ միջազգային հանրության առջև հանդես գալ խաղաղասերի դիմակով, իսկ երկրի ներսում սեփական հասարակությանը սնել հայատյացությամբ։

Էջի բովանդակային ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ այն համակարգվում է Ադրբեջանի պետական մարմինների կողմից և նպատակ է հետապնդում տեղեկատվական տեռորի միջոցով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրա, իսկ էջի գրառումների տակ մեկնաբանությունները լցված են հայատյացության, հայերի նկատմամբ ատելության խոսքի մեծ ծավալով։

Ազգային անվտանգության մարմինները պետք է գործադրեն անհրաժեշտ տեխնիկական միջոցները էջի տարածումը մեր բնակչության շրջանում խլացնելու և մեր բնակչության հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար։
Միջազգային կազմակերպությունների ուշադրություն եմ հրավիրում այս հարցին․ սա Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական ահաբեկչություն է, Արցախի հայերի նկատմամբ էթնիկ զտման համակարգված քաղաքականության բաղադրիչ։

Հարգելի՛ հայրենակիցներ, պետք չէ տրվել ադրբեջանական մանիպուլյացիաներին, որևէ դեպքում հավանություն (like) մի դրեք էջին, ինչի հետևանքով դուք անընդհատ ստանալու եք տվյալ էջով տարածվող խաբեություն պարունակող և մոլորության մեջ գցող տեղեկատվությունը։

Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բողոքարկել (Report) էջը, որպեսզի կասեցվի դրա տարածումը մեր օգտատերերի շրջանում։ Բողոքարկման քայլերը կից տեսանյութում», - նշել է Արցախի ՄԻՊ-ը։

--00--ԿԿ