Սարսանգի ջրամբարում փրկարարները ջրասուզական պարապմունքներ են անցկացրել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

․

ԱԻ պետական ծառայության ջրափրկարարները համաձայն հիմնական միջոցառումների պլանի՝ Սարսանգի ջրամբարում անց են կացրել ջրասուզական հերթական  պարապմունքները: Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, ամառային շրջանում Սարսանգի ջրամբարում ամեն տարի գրանցվող դժբախտ ելքով պատահարները մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս:

Անցած շաբաթ ջրափրկարարները ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի ամենամեծ ջրամբարում իրականացրել են ջրասուզական պարապմունքներ, միաժամանակ կատարել տարբեր կանխարգելիչ միջոցառումներ՝ Սարսանգի ջրերում գրանցված պատահարներից զերծ մնալու նպատակով:

Գործի է դրվել փրկարարական մոտորանավակը, իսկ ջրասուզակները հատուկ հանդերձանքով կատարել են ստորջրյա վարժանքներ:

Ջրափրկարարների պատրաստվածության բարձրացման նպատակով հաճախ կազմակերպվում են թեմատիկ դասընթացներ:
Նախատեսված հիմնական միջոցառումների պլանը կշարունակվի հուլիս-օգոստոս ամիսներին:

Ծառայությունը համալրված է համապատասխան գույքով ու տեխնիկական հատուկ միջոցներով՝ ջրասուզական և փրկարարական աշխատանքները տարվա բոլոր եղանակներին բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հանգստյան գոտիներում կառուցված լողավազաններից բացի, Արցախի տարածքում գտնվող ջրամբարներն ու ջրավազանները նախատեսված չեն լողի և ակտիվ հանգստի համար:

Ուստի, ԱԻ պետական ծառայությունը հորդորում է՝ դժբախտ ելքով պատահարներից խուսափելու նպատակով, ամառային հանգիստը կազմակերպել միայն թույլատրելի վայրերում:

--00--ԱՀ