Փաշինյանի անձի երկվությունը կշարունակվի․ Հրապարակ

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 26,  24News

Փաշինյան

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Անձի երկվությունը կշարունակվի Նիկոլ Փաշինյանի իրարամերժ կերպարի, անձի երկվության մեջ միանգամայն տեղավորվում է այն գործելաոճը, որը նա որդեգրել է վերջին շրջանում։ Կարելի է շրջել երկրով մեկ՝ մուրճ ճոճել, հաթաթաներ տալ, անընդունելի լեքսիկոն գործածել, իսկ ընտրությունների հաջորդ օրը՝ վերարտադրվելով, անմիջապես հանգստանալ ու կոչ անել քաղաքական դաշտին՝ եկեք «վերջ դնենք հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին»։ Եվ համերաշխության առաջարկ անել ու համագործակցության ձեռք պարզել՝ ցույց տալով, որ վերընտրվելուց հետո ես այլևս «բոլորի վարչապետն» եմ։ Բայց միաժամանակ՝ դատախազությանը հրահանգել, որ կալանք կիրառեն հարգված բժշկի նկատմամբ, ԲԴԽ-ին՝ վարույթներ հարուցեն իրեն չենթարկված ԲԴԽ անդամների ու դատավորների նկատմամբ։

Խոսել նախկինների գույքի բռնագանձման գործընթացից, որը 3 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացան գլուխ բերել, միայն «ռեկետով» ինչ-որ անձանցից գույք ու փող կորզեցին, որը չիմացանք, թե ուր անհետացավ։ Նորից բարձրացնել վեթինգի թեման, որը մի անգամ արդեն մերժվել է միջազգային կառույցների կողմից։ Կարելի է խոսել հանրային համերաշխությունից, բայց սեփական մարզպետներին «քսի տալ» իրեն չընտրած համայնքապետերի դեմ, համատարած ազատել աշխատանքից, մարդկանց ստիպել, որ դիմումներ գրեն՝ միայն այն բանի համար, որ Ռոբերտ Քոչարյան են ընտրել։

Մի դեպքում կարելի է պատժել ինչ-որ շտաբների աշխատակիցների՝ ինչ-որ անհիմն կասկածանքների հիման վրա, կարելի է կալանավորել մարդկանց, ում մեղադրում են դեռ չապացուցված հանցանքների մեջ, իսկ իրական հանցագործներին, օրինակ, մարդուն դաժան ծեծի ենթարկած անձանց ձեռք չտալ։ Այս երկվությունը մեր երկրում դեռ կշարունակվի՝ վտանգելով մեր ապագան, որի մասին այդքան խոսում էին ՔՊ-ականները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

--00—ՄՀ