Մեկ ամսից ավելի անհետ համարվող ժամկետային զինծառայողին դեռ չեն հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Հասարակական

Մեկ ամսից ավելի է անհետ կորած ժամկետային զինծառայող, շարքային Նորիկ Մկրտչյանը դեռ չի գտնվել: Այս մասին 24News-ին հայտնեց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։  

Նշենք, որ Նորիկ Մկրտչյանը Տավուշի մարզի Կողբ համայնքից է։ Նա ընդամենը 3 ամսվա ծառայող էր։ Մայիսի 22-ին, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

Աղաբաբյանը հայտնեց, որ պատկան մարմինները շարունակում են փնտրել Նորիկ Մկրտչյանին և վստահեցնում, որ 90 տոկոսով գերի չի ընկել ու Հայաստանի տարածքում է գտնվում:

«Բայց թե որտեղ է՝ չգիտենք։ Քրեական գործ է հարուցվել, դրա շրջանակներում հետախուզում են հայտարարել, բայց փաստն այն է, որ երեխան չկա: Նորիկը զորամասը լքելուց հետո տուն չի գնացել։»,-ասաց համայնքի ղեկավարը:

--00--ԿԿ