«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները կարող են հրաժարվել մանդատներից, և նոր ԱԺ չի ձևավորվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

նկար

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ասուլիսի ամանակ անդրադարձել է արտահերթ ընտրությունների արդյունքներին՝ հայտարարելով, թե ընտրությունների ոչ լեգիտիմ լինելը հայտնի է եղել ի սկզբանե:

«Ընտրական գործընթացին հետևող քաղաքացիները մի պահ պատկերացնեն Նիկոլ Փաշինյանին ոչ թե որպես վարչապետի պարտականությունները կատարող, այսինքն՝ որպես երբեմնի նախկին վարչապետ, իսկ ակնհայտ էր, որ քարոզարշավն ընթանալու էր այլ տրամաբանությամբ, և՛ կազմակերպչական տեսանկյունից, և՛ բովանդակային, և ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքներն այլ էին լինելու, եթե նա դիտարկվեր ոչ որպես վարչապետի ԺՊ»,- ասել է Էդգար Ղազարյանը և տեղեկացրել, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն իրավունք ունեն դիմելու ՍԴ և կարող են օգտվել իրենց այդ իրավունքից:

Ըստ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար՝ դաշինքները կարող են նաև կայացնել քաղաքական որոշում և հրաժարվել պատգամավորական մանդատներից, և երբ ցուցակի բոլոր պատգամավորները հրաժարվեն մանդատ ստանալուց, կխախտվի ՀՀ Սահմանադրության՝ Ընտրական օրենսգրքի պահանջը։

«Հետևաբար, չի ձևավորվի 8-րդ գումարման ԱԺ-ն, և դրանով իսկ քաղաքական ուժերը և մեր հասարակությունը կհասնեն նրան, որ Փաշինյանը չի կարողանա ստանձնել հանրային պաշտոն»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ի նախնական արդյունքների համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53,92 տոկոսը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է 21,04 տոկոս ձայն: Որևէ այլ կուսակցություն կամ դաշինք չի հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոսանոց շեմերը։ Սակայն եթե անցողիկ շեմը հաղթահարում է միայն 2 քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։ 2008 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն՝ այդ ուժը Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը ստացել է ընտրողների ձայների 5,23 տոկոսը կամ 66633 ձայն:

--00—ԼՄ