Գազի գնի անոմալիան կամ ի՞նչ են որոշել Պուտինի հետ

Thumbnail

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ, որը, եթե փորձենք կարճ ներկայացնել, հետևյալն է՝ գազի գինը կբարձրանա, բայց սպառողները դա չեն զգա: 
Այստեղ, սակայն, հարց է առաջանում, այդ ի՞նչ ներքին կարգավորումների հաշվին է կառավարությունը կարողանալու այնպես անել, որ և՛ռուսներին վճարի, և՛  չբարձրացնի գազի չարաբաստիկ գինը սպառողների համար, որն, ըստ որոշ տեղեկությունների, ռուսական կողմն ավելացրել է շուրջ 30 տոկոսով:
Հնարավոր և մեզ համար ամենաձեռնտու տարբերակներից մեկն այն է, որ հայկական կողմը ստիպել է «Գազպրոմ Արմենիա»-ին ուղղակի քիչ գողանալ: Այսինքն, այն տարատեսակ ծախսերը, գազի կորուստը, շինարարություններն ու այլ ոչ այնքան իրական թվերը, որոնք, ըստ  որոշ տեղեկությունների, ներկայացվում էին մինչ այս, «Գազպրոմում» այլևս չեն անի, որի հաշվին էլ գինը սպառողների համար չի բարձրանա: Սա, բնականաբար, ամենաիդեալական տարբերակն է, որից հայկական կողմը ոչ մի ձևով չի տուժում: Սակայն, դժվար է հավատալ, որ այս գողոնի չափն այնքան կարող է կազմել՝ ծածկելու համար 30 %-ի ահռելի տարբերությունը:
Երկրորդ, ու ավելի քիչ հավանական տարբերակն այն է, որ ռուսական ընկերությունը որոշել է կրճատել իր շահույթի չափաբաժինը, ինչի շնորհիվ էլ «Գազպրոմի» աշխատած փողերը պետք է գնան կրկին «Գազպրոմին», բայց ոչ թե իբրև շահույթ, այլ գազի վճարի գին:
Երրորդ ու ամենահավանական տարբերակը պետական սուբսիդիան է: Այսինքն, պետությունը որոշել է աճած գնի տարբերությունը վճարել պետական բյուջեի փողերով:  Ժամանակին դա արվում էր ռազմավարական օբյեկտները ռուսական կողմին նվիրելու միջոցով, հիմա կտան «քէշ» փող, բայց մեր՝ հարկատուներիս փողերով:
Անկախ ամեն ինչից, եթե կառավարությունն ուզում է, որ մարդիկ գուշակություններով չզբաղվեն, պարտավոր է հոդաբաշխ բացատրություն ներայացնել՝ թե ինչպես և ինչի հաշվին գազի գինը չի բարձրանում:

Սուրեն Կամսարական