Բամբասանքը տարածում է Նաիրա Զոհրաբյանը․ քաղաքապետի խոսնակը՝ Քոչարյանի թռուցիկների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

նկար

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել Երևանի փողոցներում թափված՝ Ռոբերտ Քոչարյանի քարոզչական պաստառով թռուցիկների վերաբերյալ։ 

«Քիչ առաջ լրագրող գործընկերներից մեկը զանգով մեկնաբանություն էր խնդրում, իր խոսքով, տարածվող բամբասանքների մասին, թե իբր Երևանի սանմաքրման ծառայողները «հրահանգով ընտրությանը մասնակցող ուժերից մեկի դեմ հակաքարոզչություն պարունակող թռուցիկներ են ցրում»։

Զանգից քիչ հետո պարզեցի, որ բամբասանքը տարածում է ԱԺ ներկա գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Հուսով ենք՝ իրավապահները արժանի գնահատական կտան բազմավաստակ պատգամավորի հայտարարությանը՝ մասնավորապես, քննելով նաև սուտ մատնության հանգամանքը։

Երևանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն և հնարավորինս խիստ պատիժ կրեն։ Իմիջիայլոց, օգտվելով առիթից, հույս հայտնենք, որ կբացահայտվեն նաև վերջերս հաճախակիացած՝ աղբամանների այրման դեպքերը։

Կարծում ենք, որևէ քաղաքական նպատակահարմարություն չի արդարացնում ամենօրյա աշխատանքով քաղաքի մաքրությունն ապահովող սանմաքրման մեր աշխատակիցների դեմ զրպարտչական բնույթի հայտարարությունները և պատիվ չի բերում դրանց հեղինակներին, հատկապես՝ բազմավաստակ պատգամավորին։

Լրատվամիջոցների հարգարժան գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ բամբասանքներ տարածելուց։

Երևանի քաղաքապետարանը և ենթակա կառույցները ընտրական գործընթացներին մասնակցում են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»,-նշվում է պարզաբանման մեջ։

Հիշեցեննք, որ Ընտրությունների վերահսկման կոմիտեն, որի անդամ է նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հայտարարություն էր տարածել, թե Երևանի տարածքում Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ներգրավելով Երևանի համայնքային կազմակերպության աշխատակից հանդիսացող և գիշերը քաղաքի մայթերն ու փողոցները մաքրելու պարտականություն ունեցող անձանց։ 

--00—ԼՄ