Քվեարկությունը մեկնարկեց. ՀՀ քաղաքացիներն 8-րդ գումարման խորհրդարան են ընտրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

նկար

Ժամը 08:00-ին Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Քաղաքացիները քվեարկելու հնարավորություն կունենան 12 ժամ՝ մինչև 20:00-ն:

Ընտրության նախնական տվյալները կհրապարակվեն հունիսի 21-ին: Ընտրությունից հետո՝ 1 շաբաթվա ընթացքում, կհրավիրվի 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստ, որի ժամանակ ԱԺ անցած քաղաքական ուժերը կընտրեն ՀՀ վարչապետ:

Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.581.093 ընտրող: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: 

ԿԸՀ-ի կայքում որոնման հնարավորությամբ տեղադրվել է ընտրողների թարմացված ռեգիստրը՝ ըստ համայնքների և ընտրական տեղամասերի: Ըստ այդմ՝ այցելելով ԿԸՀ կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին, ընտրողը կարող է հավաստիանալ, որ իր անունն ընդգրկված է ընտրողների ցուցակում, ապա տեղամասի համարի դիմաց պատկերված տեղակայման նշանի հղումով կարող է քարտեզի վրա տեսնել տեղամասի գտնվելու վայրը և հասցեն:

նկար

ԿԸՀ-ի կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավորություն է տալիս նաև ստանալու տեղեկություն միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ:

Նշենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկությունն արդեն կայացել է. այն մեկնարկել էր հունիսի 11-ին՝ ժամը 08:00-ին, և տևել մինչև հունիսի 13-ը՝ ժամը 20:00-ն: Արդյունքը կհրապարակվի համապետական քվեարկության արդյունքների հետ:

նկար

Ստորև ներկայացնում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները՝ ըստ համարների.

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն,
  2. «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն,
  3. «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն,
  4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն,
  5. «Ազատություն» կուսակցություն,
  6. «Պատիվ ունեմ» դաշինք,
  7. «Միասնական Հայրենիք» կուսակցություն,
  8. «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն,
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն,
  11. «Հանրապետություն» կուսակցություն,
  12. «Հայոց Հայրենիք» կուսակցություն,
  13. «Ազատ Հայրենիք» դաշինք,
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,
  15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն,
  16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն,
  17. «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն,
  18. «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք,
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն,
  20. «Վերելք» կուսակցություն,
  21. «Ազատական» կուսակցություն,
  22. «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն,
  23. «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն,
  24. «Հայաստան» դաշինք,
  25. «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն,
  26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս