Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ծեծկռտուք
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 16-ին, Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Այդ օրը, ժամը 10։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության դիմել մի քաղաքացի։  Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց դիմած քաղաքացին Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 44-ամյա Վահագն Ն-ն է։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09։45-ի սահմաններում Վահագն Ն-ն Դավիթաշեն թաղամասի 3-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում վիճաբանել է Երևանի քաղաքապետարանի 3 աշխատակիցների հետ, որի ժամանակ, ըստ Վահագն Ն-ի հայտարարության, նրանք մետաղյա ձողով. ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վահագն Ն-ի հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Ֆելիքս Գ-ն, 30-ամյա Էդգար Մ-ն և 23-ամյա Առնակ Պ-ն։ Նշված անձանց էլ նկատի է ունեցել Վահագն Ն-ն, որ ծեծի են ենթարկել իրեն։

Աղբյուրի տեղեյություններով՝ Ֆելիքս Գ-ն աշխատում է Երևանի քաղաքապետաանի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում՝ որպես հսկիչ-քարտեզագետ, Էդգար Մ-ն՝ նույն կենտրոնում՝ վարորդ, կենդանի որսացող, իսկ Առնակ Պ-ն՝ նույն կենտրոնում՝ կենդանի որսացող։  Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։  

 --00—ՄՀ