Արտաշատում 59-ամյա կնոջն սպանած երիտասարդը տեղափոխվել է դատահոգեբուժական հետազոտման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

սպանող

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արտաշատ քաղաքի բնակիչ՝  21-ամյա Կարեն Մ-ի նկատմամբ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը, սակայն կասկածյալը տեղափոխվել է ոչ թե քրեակատարողական հիմնարկ, այլ Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՝ դատահոգեբուժական բաժանմունք։

Աղբյուրը հայտնել էր, որ հունիսի 12-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկը, որտեղից մարմնի տարբեր մասերում դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի 3-րդ տան բնակչուհի՝ 59-ամյա Նունե Ն-ն էր, ով տեղափոխվել էր իր տանից։ Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով սպանության վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին էին բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ին։

Պարզվել էր, որ սպանությունը տեղի էր ունեցել Նունե Ն-ի տան խոհանոցային հատվածում, որտեղ հայտնաբերվել էին նաև արնանման հետքեր, հայտնաբերվել էր նաև հանցագործության գործիք դանակը։ 

Կարեն Մ-ն, որպես կասկածյալ, ձերբակալվել էր։ Քննիչի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր սպանվածի հարազատներն ու հարևաններն էին, հրաժարվելով ֆոտոխցիկի առջև խոսել, ասել էին.

«Ամեն ինչ ակնթարթային եղավ: Հարսը՝ նորածին երեխան գիրկն է եղել, երբ սպանություն կատարողը մտնում է տուն ու ձեռքին եղած երկու դանակներով սկսում հարվածներ հասցնել իր զոհին»։ 

 --00—ՄՀ