Շփվում էինք բավականին հաճախ, Նիկոլը ոչինչ չէր լսում․ Վանեցյանը՝ ԱԱԾ-ից հեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

նիկոլ

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թենածու Արթուր Վանեցյանն ուկրաինական «Страна» պարբերականին տված հարցազրույցի շրջանակում ներկայացրել է պատճառները, որոնց հետևանքով լքեց ԱԱԾ ղեկավարի պաշտոնը։ 

Թեմային առնչվող հարցուպատասխանը՝ ստորև․

-Դուք գլխավորում էինք Հայաստանի պետական անվտանգության կառույցը՝ Փաշինյանի կառավարման առաջին տարվա ընթացքում, հետագայում հրաժարական տվեցիք։ Ի՞նչը Ձեզ դրդեց լքել պաշտոնը, և ինչո՞ւմ էին Ձեր հակասությունները Փաշինյանի հետ։

-Նախևառաջ դա ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի իմ առաջին դիմումը չէր։ Հասկանալի պատճառներով այն ժամանակ՝ 2019 թվականի սեպտեմբերին, դա առավելագույնն էր, ինչ ես կարող էի անել՝ կանգնեցնելու իշխանությունը զավթած պոպուլիստին և նրա ոչ կոմպետենտ, տարատեսակ ազդեցությունների տակ ընկնող թիմին։

Իմ հայտարարության մեջ ասված էր․ «Թող իմ հրաժարականը սթափեցնող քայլ դառնա։ Կա՛նգ առ։ Բոլոր այլ դեպքերում կհաղթի պարտքը հայրենիքի նկատմամբ։ Խաղաղություն և անվտանգություն մեր երկրին»։

Տարերային որոշումները, գործողություններում անվստահությունը, առաջնահերթն ու երկրորդականը տարբերակելու անկարողությունը և Փաշինյանի քաղաքականության այլ սկզբունքները ոչ մի ընդհանրություն չունեն սպայի պատվի ու արժանապատվության հետ։

Իմ հրաժարականին նախորդել են հարյուրավոր օրերի աշխատանք և պարզաբանումներ, սակայն Նիկոլը ոչինչ չէր լսում կամ չէր ուզում լսել, չէր հասկանում կամ չէր ցանկանում հասկանալ։ Ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի շատ ստել, խորամանկել, պայմանավորվածություններին և էթիկային չհետևել, ընկնել վերնագրերի, իրավիճակային լուծումների և միանգամյա արդյունքների հետևից՝ առանց մտածելու երկրի և ժողովրդի համար դրանց հետևանքների մասին։ Անկեղծ ասած՝ դեռ 2018 թվականին ես հուսով էի, որ պոպուլիստ Փաշինյանին հնարավոր է ուղղել, պետական և կառուցողական հունի մեջ դնել, բայց ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ մարդն ի վիճակի չէ մի երկրի առաջնորդ լինել, որն ունի բազում խնդիրներ տնտեսության և անվտանգության ոլորտում։

Արդյոք ես ունե՞ի հատուկ կարծիք ինձ հասնող տեղեկատվության արդյունքում․ այո՛, ունեի։ Ես պարբերաբար հայտնում էի դրանք Փաշինյանին, մենք շփվում էինք բավականին հաճախ և սերտ, քանի որ ապրում էինք միմյանց հարևանությամբ։ Դա նրա մոտ հաճախ լարվածություն էր առաջացնում, և որպես վերջնարդյունք՝ նա ստացավ իմ հրաժարականի դիմումը, սակայն եզրահանգումներ չարեց։ Այդ իսկ պատճառով, ինչպես և խոստացել էի իմ հայտարարության մեջ, շարունակում եմ իմ պարտքը կատարել հայրենիքի առաջ, բայց արդեն «Հայրենիք» ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդի կարգավիճակում։

--00—ԼՄ