Երեւանի մանկապարտեզներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ. ԱՆ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News 

հիվանդանոց

Երեւանի նախադպրոցական կազմակերպություններում աղիքային վարակիչ հիվանդության բռնկումների արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «Վիննի Պուխ եւ ընկերներ» եւ «Ծիածան» մանկական զարգացման կենտրոն նախադպրոցական կրթական կազմակերպություններում արձանագրվել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումներ:

Նշված ժամանակահատվածում «Սուր գաստրոէնետերիտ» ախտորոշմամբ՝ ջերմություն 38-39 ջերմաստիճան, սրտխառնոց, փսխում, լուծ ախտանշաններով, Երեւանի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ են ընդունվել «Վիննի Պուխ եւ ընկերներ» եւ «Ծիածան» նախադպրոցական կազմակերպություններից 20 երեխա:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հայտնաբերվել է նաեւ ընտանեկան 2 օջախ (1 օջախ՝ 1 դեպքով եւ 1 օջախ՝ 3 դեպքով), երբ պացիենտներն ունեցել են նույն ախտանշանները եւ, ինչպես նախադպրոցական կազմակերպությունների հոսպիտալացված պացիենտները, սննդում օգտագործել են «Բիոկաթ» արտադրատեսակի կաթնամթերք: Հոսպիտալացված պացիենտներից 6-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:

Նախադպրոցական կազմակերպություններում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի հարուցիչներ, իսկ աշխատակիցների մոտ՝ ստաֆիլակոկ: Սննդամթերքի նմուշները թունաբանական հետազոտությամբ, ունեցել են թույլ թունավոր ազդեցություն («Բիոկաթ» արտադրատեսակի կաթնաշոռ, թթվասեր, կաթնաշոռի եւ թթվասերի խառնուրդ): Ներկա պահին բուժվող հիվանդներ չկան:

Համաճարակաբանական հետազոտության շրջանակներում իրականացվել են նաեւ «Բիոկաթ» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ում հոսքագծի տարբեր հատվածներից շրջակա միջավայրի եւ աշխատակիցների կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ: Արդյունքում՝ շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են շեղումներ, անձնակազմի ձեռքերից եւ արտահագուստից վերցված նմուշներում հայտնաբերվել է ախտածին ստաֆիլակոկ:

Նշենք, որ դեպքերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն ուղարկվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:

--00--ԱՀ