Նուբարաշենում բռնկված հրդեհը փրկարարներին 8 օր է չի հաջողվում մարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News 

Մասիսի աղբավայրի՝ երկու շաբաթ տևած հրդեհից ընդամենն օրեր անց արդեն ութ օր հրշեջ-փրկարարներն այս անգամ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ: 312 հա ընդհանուր մակերեսով աղբավայրում կուտակված աղբը կազմում է 10 հա, որից 3 հա այրվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել են 38 մարտական հաշվարկ, 132 հրշեջ-փրկարար:

Հրդեհաշիջումն աղբավայրում մեծ դժվարությամբ է կատարվում: Հրշեջ-փրկարարները վտանգում են իրենց կյանքը. մի քանի մետր բարձրության հասնող աղբակույտերում սողանքի հավանականություն կա:

Հրդեհաշիջման ընթացքին պարբերաբար հետևում են Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:

Հրդեհաշիջմանն աջակցում է նաև Երևանի քաղաքապետարանը՝ տրամադրելով թրթուրավոր տրակտոր, էքսկավատոր, բեռնատար մեքենաներ և ջրատարներ: Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհի օջախները: Այսօրվա դրությամբ կրակի տարածման վտանգ չկա:

Հրշեջ-փրկարարական ջոկատներն աղբավայրի տարածքում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում:

--00—ՄՀ