Կրակոց՝ որսորդական հրացանից․ Վանանդի բնակիչը կենցաղային վեճի ժամանակ մարդ է սպանել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

կրակ

Հունիսի 14-ին սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այսօր՝ ժամը 01։20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի, գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ սպանվածը Արմավիրի մարզի Վանանդ գյուղի բնակիչ, 29-ամյա Արթուր Պապոյանն է։ Պարզվել է նաև, որ հունիսի 14-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Վանանդ գյուղի վերջնամասում գտնվող, չգործող «գարաժների» մոտ Վանանդ գյուղի բնակիչը՝ 34-ամյա Զաքարիա Գալոյանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Երվանդաշատ գյուղի բնակիչների՝ 33-ամյա Սերյոժա Բադասարյանի, 33-ամյա Մանվել Ասատրյանի և դեռևս չպարզված անձանց հետ։ Վիճաբանության ընթացքում Զ. Գալոյանը իր անվամբ հաշվառված մեկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում էլ 1 կրակոց դիպել է Ա. Պապոյանին, վերջինս մահացել է։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի 4 կրակված պարկուճներ։ Հայտնաբերվել է նաև կասկածյալ Զ. Գալոյանը, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ վիճաբանության բոլոր մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում Զ. Գալոյանը ձերբակալվել է։ 

--00—ԼՄ