Սպանության փորձ՝ Մալիշկայում․ պայթուցիչի բռնակը կապել է նռնակին, որ շարժվելիս նռնակը պայթի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մալիշկա գյուղի բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մալիշկա գյուղի 61-ամյա բնակիչը, անձնական հարցերի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2021 թ. մարտի 7-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, գնացել է վերջինիս առանձնատան հարակից տարածք, որտեղ իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված ու պահված՝ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված, «ՈՒԶՌԳ» տեսակի պայթուցիչով «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակի պայթուցիչի բռնակը մալուխով կապել է նռնակին, այնուհետև նռնակը բերելով մարտական վիճակի՝ այն տեղադրել է համագյուղացուն պատկանող կցորդիչի առջևի լծակի վրա, որպեսզի կցորդիչի շարժման դեպքում պայթուցիչը գործարկվի, և նռնակը պայթի:

Հաջորդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ավտոմեքենային միացնելու նպատակով համագյուղացին շարժել է կցորդիչը,  որի հետևանքով նռնակը գործարկվել է ու պայթել՝ վերջինիս պատճառելով բազմաթիվ բեկորային վնասվածքներ:

Պարզվել է նաև, որ, վերոնշյալ նռնակից բացի, 61-ամյա տղամարդն ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել նաև այլ զենք ու զինամթերք, որոնք վերջինիս բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 61-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

--00—ԼՄ