Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

․

«Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց, Հայ Առաքելական եկեղեցին եղել է, կա ու կլինի հավիտյանս հավիտենից»,— «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ Դիլիջանում հոգևորականների հետ կապված հայտնի հայտարարությանը՝ ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը (​Դադիվանքի վանահայր)՝ ընդգծելով.

-Այսօրվա կապիտուլյանտ, հողատու, դավաճան վարչապետ կոչեցյալը իր անունը, իր պիտակը ջնջելու համար փորձում է թիրախավորել, սևացնել բոլորին, նրա համար սրբություններ չկան: Բայց կապիտուլյանտը չի հասկանում, որ դավաճանի պիտակը Վասակ Սյունեցու վրայից անգամ հազար վեց հարյուր տարի հետո չի մաքրվել: Ինքը չի հասկանում, որ Նիկոլ անունը իր սերնդի ու գերդաստանի համար պատուհաս է դառնալու հավետ:

Տեր Հովհաննեսը փաստում է.

-Ես դեռեւս 2018 թվականին՝ նրանց իշխանության գալու օրվանից էի հասկացել, որ սրանք եկել են հատուկ ծրագրով, ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էին նրանք հարձակվել եկեղեցու վրա և երեք օր Վեհափառ հայրապետը չէր կարող մտնել Մայր Աթոռ: Նրանք առաջին իսկ օրվանից դպրոցական ծրագրից հանեցին Հայ Առաքելական եկեղեցու պատմություն առարկան և հոգևոր հորը արգելեցին այցելել դպրոց և քարոզել քրիստոնեություն:

Այս իշխանավորները առաջին իսկ օրվանից եկել էին քանդելու Հայաստան աշխարհը: Հիշում եք, երբ ես Դադիվանքից չէի ցանկանում դուրս գալ, երբ ես նոյեմբերի տասին գրեցի՝ Նիկո՛լ, ինձանից հարցրե՞լ ես, որ ընդամենը մեկ ստորագրությամբ տվեցիր քո բարեկամներին: Ես հենց այնպես չեմ նշել «քո բարեկամներին» արտահայտությունը: Ես պետք է նոյեմբերի տասնհինգին դուրս գայի, բայց խոստացա, որ դուրս չեմ գալու, և միայն նոյեմբերի 24-ի գիշերը՝ Վեհափառ Հայրապետի բարձր կարգադրությամբ դուրս եկա ընտանիքիս հետ միասին, որովհետև այլևս ապահովված չէր մեր անվտանգությունը: Երբ ես դուրս եկա Դադիվանքից՝ ուզում էի ինքնասպան լինել, որ խոստումս չկատարեցի, որ չմնացի Դադիվանքում: Բայց լինելով հայ քրիստոնյա՝ ես դա չարեցի, որովհետև Առաքելական եկեղեցու զավակը իրավունք չունի ինքնասպանություն գործելու:

Բայց այս հողատու, կապիտուլյանտ դավաճանը հանգիստ կարող էր և կարող է ինքնասպան լինել, որովհետև ինքը քրիստոնյա չէ և հայ եկեղեցու զավակ չէ: Եվ դա է պատճառը, որ նա առաջինը հարձակվում է հենց հայ եկեղեցու վրա: Հազար յոթ հարյուր տարի ոչ ոք չի կարողացել ծնկի բերել հայ եկեղեցին, բայց հողատուն իր առջև հենց նման նպատակ է դրել, բայց ես վստահեցնում եմ Ձեզ,սիրելի՛ ժողովուրդ, դա այդ դավաճանի մոտ չի ստացվելու:

Ամփոփելով խոսքը՝ հոգևոր հայրը դիմեց հանրությանը.

-Ժողովո՛ւրդ ջան, էլ ի՞նչ ապացույց է մեզ պետք՝ զոհեր, գերիներ, վիրավորներ, հողերի հանձնում, զոհված նահատակների պարկերի մեջ՝ նկուղներում պահել:

Հիշե՛ք, թե ինչպես էր Նիկոլը հպարտորեն ասում, թե մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է և մեր տանկերը հասնելու են Բաքու: Ճիշտ էր ասում, պարզապես մենք չէինք հասկացել, որ մեր տանկերը իրոք հասնելու են Բաքու, որ հետո ադրբեջանական շքերթին մասնակցեն: Դավաճանի կինը ճիշտ էր ասում ասելով, որ Շուշիում պետք է մուղամ լսենք, այսօր լսում են: Ինքը նախօրոք ամեն ինչ ասել է:

Սիրելի՛ հայորդիներ, մեզ գիժ առաջնորդ պետք չէ, մեզ պետք է այնպիսի առաջնորդ, ով մեր երկրին կբերի փայլուն ապագա: Ես չեմ ուղղորդում ժողովրդին, թե ում իրենց ձայնը տան, պարզապես հորդորում եմ, որ օր առաջ հեռացնեն այս հողատու կապիտուլյանտներին իշխանության ղեկից: Ես վստահ եմ, որ շատ դժվարությամբ, բայց մենք հաղթելու ենք:

--00--ԱՀ