Արագածոտնի մարզպետը հերքում է Թալինում ծեծի ենթարկվելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Արագածոտնի մարզպետ

Ի պատասխան Mediaport լրատվական կայքի «Թալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին» վերտառությամբ հրապարակման, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հերքում է հրապարակել:

Նա նշում է, որ Հացաշենում առհասարակ որևէ միջադեպ չի գրանցվել, հետևաբար՝ ոչ ոք իրեն ծեծի չի ենթարկել: Հերքումը ներկայացնում ենք ստորև.

«Հոդվածում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ, իբրև թե, նախընտրական քարոզարշավի շրջանակում Թալինի տարածաշրջան կատարածս այցի ընթացքում Հացաշեն համայնքում ծեծկռտուք է եղել, որևէ աղերս չունի իրականության հետ, սուտ է և ամբողջությամբ հորինվածք: Նախընտրական այցերիս ընթացքում ոչ մի նման միջադեպ չի գրանցվել, հետևաբար ոչ մեկ ծեծի չի ենթարկվել և առավել ևս ոստիկանությունը չի միջամտել:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներին որևիցե մեկը չի կարող ծեծել, և այդ մենք ենք մեր կողմնակիցներին զսպվածության կոչ անում սադրանքներին չտրվելու և միտումնավոր լարվածություն հրահրող ուժերին կոշտ ձևով չսաստելու:

Ակնհայտ է, որ որոշ շրջանակներ շրջանառելով նմանօրինակ կեղծ հրապարակումներ, նպատակ են հետապնդում միտումնավոր խեղաթյուրել իրականությունը և անհաջող կերպով փորձում են անարգել իմ պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը:

Ի հեճուկս նման շրջանակների՝ հայտնում եմ, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպումներն անցնում են բավականին հարթ և ջերմ մթնոլորտում: Հետևաբար, գուցե, հենց մարզի բոլոր համայնքներում այդ ջերմ ընդունելությունն ու ժողովրդի ոգևորվածությունն է որոշ շրջանակների կողմից նման կեղծ տեղեկություններ տարածելու շարժառիթ հանդիսացել:

 Հայտնում եմ, որ պատրաստ եմ ցանկացած օր ու ցանկացած ժամի լրագրողների հետ այցելել Հացաշեն համայնք, նրանց ներկայությամբ հանդիպել բնակիչներին և տեղում պարզել՝ ենթադրյալ ծեծի որևէ միջադեպ եղել է, թե՝ ոչ:

 Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին»ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը՝ պահանջում եմ հրապարակել սույն հերքումը։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ հերքումը հրապարակելուց հրաժարվելու պարագայում անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան»։

--00--ԱՀ