15 վերադարձած գերիների մեջ չկան Շիրակի մարզի մեր հայրենակիցները․ Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

գերիներ

Վայոց ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը երեկ Հայաստան վերադարձած գերիների հետ կապված ուշագրավ մանրամասներ է հաղորդել։

Նա գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարի թեկնածուն, նախընտրական քարոզչության շրջանում, իր ելույթներից մեկում հայտարարել, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցի իր հաշիվներով հրապարակել է, որ Ադրբեջանից Հայաստան են վերադառնում 15 գերիներ՝ հրապարակելով նրանց անձնական տվյալներն ու լուսանկարները։ 

«Հետագա տեղեկությունների համադրումից պարզ դարձան հետևյալ փաստերը․

1․ 15 գերիների մեջ չկան ՀՀ Շիրակի մարզի մեր հայրենակիցները, որոնց ադրբեջանցիները գերեվարել էին նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, որոնց նրանք անվանում են ոչ թե գերիներ, այլ «հանցագործներ» և որևէ պարագայում մտադիր չեն հանձնել հայկական կողմին և պատրաստվում են դատել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում (մի շարք գերիների պարագայում դա արդեն ընթացքի մեջ է),

2․ Գերիների հանձնման հարցում Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ հիշատակվում է ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և Վրաստանի դրական դերն ու մասնակցությունը՝ հատուկ կերպով շեշտադրելով եռակողմ համաձայնագրի կողմ հանդիսացող և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանին շրջանցելու հանգամանքը, ինչն, ի դեպ, արվել է Ռուսաստանի Ազգային տոնի՝ Ռուսաստանի օրը, որը շատ խորհրդանշական է,

3․ Գերիներին մի մասին հայկական կողմին է հանձնվել ոչ թե Նիկոլ Փաշինյանի որդուն Ադրբեջանին հանձնելու (ինչի մասին նախընտրական մեկ այլ ելույթում հայտարարել էր Նիկել Փաշինյանը և որին իր պատրաստակամություն էր հայտնել նրա որդին՝ Աշոտ Փաշինյանը), այլ պետական հույժ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, այն է, Աղդամի շրջանի ականապատված տարածքների քարտեզները Ադրբեջանին փոխանցելու դիմաց։ Դա ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության`պատժվում է ազատազրկմամբ` տասնհինգից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) նկարագրվող ակնհայտ ենթադրյալ հանցագործություն է (պետական դավաճանություն):

4․ Հայաստանի իշխանությունները թշնամուն պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու հետ միասին, շարունակում են Հայաստանի քաղաքացիներից (այսինքն իրենց իրական թշնամիներից) գաղտնի պահել Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվն ու այլ տվյալները։

5․ Գերիներից 15-ը Հայաստան են վերադարձել ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում, ընդ որում այն փուլում, երբ պարզ է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ռուսամետ «Հայաստան» դաշինքի վարկանիշն ակնհայտորեն գերազանցել է պրոթուրքական և պրոադրբեջանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշից։

Հատկանշական է, որ գերիների փոխանակման դրույթը հստակ կերպով սահմանված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետում, որտեղ բառացիորեն գրված է հետևյալը․ «8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։ Այսինքն, այն, որ մեր գերիները, ընդ որում ոչ թե 15 հոգին, այլ բոլորը վաղուց պետք է գտնվեին Հայաստանում, անգամ կապիտուլյացիոն հայտարարության պահանջ է, ինչը Հայաստանի իշխանությունները չեն կարողացել ապահովել բացառապես իրենց ապիկարության և դիվանագիտական ունակությունների բացակայության պատճառով։

Դիվանագիտական անցուդարձին հետևող բոլոր գործիչները վաղուց գիտեն, որ ականապատված տարածքների քարտեզներին չտիրապետելը հետպատերազմյան Ադրբեջանի ամենաարդիական խնդիրն է, քանի որ դրա պատճառով նրանք փաստացի զրկված են այդ տարածքներն իրացնելու հնարավորությունից և անհանգստություն ունեն հետագայում այդ տարածքների նկատմամբ վերահսկողություն ունենալու հարցում։ Հրադադարից հետո ականների պայթյուններից արդեն իսկ զոհվել են մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորներ և քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բազմաթիվ հայտարարություններ է տարածել այդ քարտեզներն ունենալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև դիմել բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների օգնությանը։

Այս ամենի վերջնական ամփոփումն ու փաստագրումն այն է, որ Ադրբեջանի դիվանագիտությունը տոնում է իր հերթական հաղթանակը՝ հետպատերազմյան իրականության մեջ մի պահ խեղկատակության վերածված, իսկ վերջին շրջանում առհասարակ գոյություն չունեցող հայկական դիվանագիտության նկատմամբ, ինչի հետևանքով ադրբեջանցիները հասել են իրենց նպատակին՝ չկատարելով ոչ միայն եռակողմ հայտարարության հայկական կողմի համար միակ ընդունելի դրույթը, այլև նոր, հայտարարությունից դուրս պահանջներ ներկայացնելով Հայաստանի իշխանությունների առջև՝ ստիպելով նրանց կատարել դրանք՝ շարունակելով գերության մեջ պահել դեռևս մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ՀՀ քաղաքացիների, Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերելու պատրաստ զինվորների։

Ռուսաստանի հանդեպ այս ակնհայտ անհարգալից վերաբերմունքի մեզ համար կործանարար հետևանքները մենք դեռ կստանանք ոչ հեռու ապագայում, եթե, իհարկե, 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի չունենա իշխանափոխություն և նոր իշխանությունները չփորձեն շտապ ու անհետաձգելի քայլերով շտկել հերթական աղետը, որն այս իշխանությունները «պարգևում» են հայ ժողովրդին»։

ՀԳ Ադրբեջանից Հայաստան վերադարձած 15 գերիների մեջ են օրեր առաջ Վարդենիսի հատվածից գերեվարված վեց տղաներից հինգը։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս