ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի մեր բոլոր հայրենակիցների վերադարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

գերիներ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրում է․

«Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։

ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։

ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար»:

--00--ԱՀ