Վահագնի թաղամասում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է 2 ավտոմեքենա, խանութ, անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Հունիսի 11-ին՝ ժամը 20։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասում՝ ռեստորանային համալիրի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղու թիվ 7 հասցեում գտնվող «Հար Մարկետ» մթերային խանութում (մոտ 150 քմ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը ։

Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։51-ին, մարվել՝ 23։44-ին։

Այրվել են «Հար Մարկետ» մթերային խանութի մոտ 130 քմ հատվածը, 400 հակ անասնակեր, մոտակայքում կայանած «Nissan Tiida» և «Nissan Versa» մակնիշների ավտոմեքենաները։

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը։

--00—ԼՄ