Պետական ծառայությունների թվայնացման հարցով քննարկում՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Հասարակական

Հունիսի 11-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակի՝ e-gov.am-ի կարողությունների զարգացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Բացման խոսքում փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ Կառավարության նախաձեռնած պետական և համայնքային ծառայությունների մատուցման ու բարեփոխման շրջանակներում վերանայվելու և պարզեցվելու են ծառայությունների մատուցման հետ կապված բիզնես գործընթացները, ինչպես նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերը: Ըստ նրա՝ հանրային կառավարման բարեփոխումների 4 բաղադրիչներից մեկն է պետական և համայնքային ծառայությունների թվայնացումը: Այդ համատեքստում պետական ծառայությունների մատուցման հարթակը նոր հնարավորություններ է ստեղծելու ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ինչպես, օրինակ՝ առցանց դիմել ծառայությունների ստացման համար, առցանց վճարումներ կատարել, հետևել ծառայության կատարման ընթացքին, գնահատել ստացված ծառայության որակը և այլն:

Տիգրան Ավինյանը հավելել է, որ հարթակի փորձնական մեկնարկը տրվելու է «Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում» ծառայությամբ, իսկ առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է փուլային եղանակով ավելացնել մատուցվող ծառայությունների քանակը: Ավելացվող ծառայություններից առանցքային է լինելու Հայաստանի Հանրապետությունում լիցենզիաների և թույլտվությունների ստացման ու տրամադրման գործընթացի ապահովումը հարթակի միջոցով:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ներդնել նաև բջջային հավելված, որը թույլ է տալու լավագույնս օգտվել վեբ-հարթակի ֆունկցիոնալ ամբողջական հնարավորություններից:

Այնուհետ կապալառու կազմակերպությունը հանդես է եկել e-gov.am հարթակի վերաբերյալ պրեզենտացիայով՝ ներկայացնելով միասնական հարթակի ապագա կառուցվածքը, դրա ընձեռած տեխնիկական հնարավորություններն ու գործիքակազմը: Ծավալված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հարթակի կարողությունների զարգացմանն ուղղված առաջիկա աշխատանքներին, այդ թվում՝ ծանուցումների (e-notifications), վճարումների (e-payments) և GovID-ի ներմուծման, դրանց տեխնիկական ապահովման, սպասարկման ու ժամանակացույցի հարցերին: 

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս