Ավինյանը պարզաբանել է՝ ինչո՞ւ չստորագրեց ԱԳ փոխնախարարի դիմումը, ինչո՞ւ հեռացավ Այվազյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

նկար

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե ինչու չի ազատվել հրաժարականի դիմում գրած փոխնախարարներից մեկը։ 

«Չէր կարող արտաքին գործերի նախարարությունում առհասարակ նախարարի պարտականությունները կատարող չլինել, դա էր հիմնական պատճառը»,-ասել է Ավինյանը՝ չհամաձայնելով այն դիտարկմանը, թե կառույցն անգործունակ է դարձել։

Անդրադառնալով Արա Այվազյանի բարձրաձայնած խնդիրներին՝ Ավինյանը նկատեց, որ մայիսի 12-ից գրեթե ամենօրյա ռեժիմով Անվտանգության խորհրդի նիստեր են ունեցել, ու ԱԳ նախարարն այդ նիստերին ի պաշտոնե մասնակցել է:

«Այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են այդ նիստերին՝ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ, և ընդհանուր առմամբ բոլոր քննարկումները, որոնք մենք ունեցել ենք, Անվտանգության խորհրդի բոլոր անդամները դրա մասին տեղեկացված են եղել, ես դա ուզում եմ վստահաբար ձեզ տեղեկացնել։ Բոլոր որոշումները, որ կայացվել են, եթե եղել է համաձայնություն-անհամաձայնություն, քննարկում եղել է նվազագույնը»,– ասել է նա։

Հարցին՝ Այվազյանը վարչապետի՝ զորքերը հայելային տարբերակով հետ քաշելու առաջարկի մասով անհամաձայնություն հայտնե՞լ է, Տիգրան Ավինյանն ասել է, որ այդ մասով Այվազյանը պետք է պատասխանի։

Հիշեցնենք՝ մայիսի 27-ին ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարական էր ներկայացրել, որից հետո հրաժարական էին ներկայացրել նաև ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանը, մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում էր ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ՝ տեղեկացնելով, որ դժվարությամբ է որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել է այս պաշտոնը, իր համար եղել է մեկ չափանիշ։

«Այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով», - հայտարարել էր Այվազյանը։

Հունիսի 7-ին ԱԳՆ-ից պաշտոնապես հայտնել էին, որ նախարարի բոլոր տեղակալները աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Հունիսի 8-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը բոլորի դիմումները ստորագրել է՝ բացի ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանի դիմումից։