Ռուսական միջամտությունը հանգեցրել է ԼՂ-ում իրավիճակի սառեցմանը, սակայն դա խաղաղություն չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Քոչարյան

Անարդար խաղաղությունը չի կարող երկարատև լինել. իսկ արդյո՞ք մինչև 2020 թ. եղած խաղաղությունն արդար էր, հաշվի առնելով, որ նոր պատերազմ եղավ: Կոմերսանտին տված հարցազրույցում, անդրադառնալով այս հարցին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է.

«Դա խաղաղություն չէր, հրադադար էր: ԼՂ խնդրի շուրջ վերջնական որոշում չի ստորագրվել, իսկ գիտակցումը, որ այս իրավիճակը կարող է պատերազմի հանգեցնել, կողմերը միշտ են ունեցել: Ես դա գիտակցել եմ: Հենց այդ է պատճառը, որ իմ նախագահության տարիներին ես համանախագահներից երեք անգամ առաջարկ եմ ստացել: Կային առաջակներ ընդհանուր պետության, կարգավորման մոդելների գծով, Քի-Ուեսթում եղած առաջարկը հակամարտության արմատական լուծում էր ենթադրում, կային նաև մադրիդյան սկզբունքները, համաձայն որոնց՝  կողմերի համաձայնության դեպքում սկսվում էր հակամարտության գործնական կարգավորման ակտիվ գործընթաց»:

Քոչարյանը նշել է՝ բոլոր երեք դեպքերում հայկական կողմը համաձայնել է սկսել բանակցային գործընթացը, ապա ընդգծել՝  եթե պատերազմի վտանգ չտեսներ, նման համաձայնություն չէր տա:

«Ես իրավիճակի հավերժ սառեցման կողմնակից չէի, ուստի բարոյական իրավունք ունեմ հիմա ասել, որ խնդրի՝ չափից դուրս անարդար լուծումն ապագա պատերազմի հիմքեր է դնում»,- ասել է նա:

Երկրորդ նախագահի խոսքով՝ ներկայում ևս խաղաղության մասին պայմանագիր չկա, հակամարտությունը կարգավորված չէ:

Հարցին՝ «Սա խաղաղություն չէ՞», Քոչարյանը պատասխանել է.

«Անկասկած: Պարզապես ռուսական միջամտությունը հանգեցրել է իրավիճակի հերթական սառեցմանը, սակայն դա խաղաղություն չէ: Խաղաղության մասին մենք կարող ենք խոսել, եթե ընդունվի ԼՂ խնդրի վերջնական կարգավորման մասին համաձայնություն, և եթե այն կյանքի կոչվի: Նման համաձայնությունը կարող է ընդունվել Հայաստանի, Ադրբեջանի ու ԼՂ համաձայնության դեպքում»:

Ինչպիսի՞ համաձայնությունը կարող է լինել արդար այս դեպքում: Ո՞ր խաղաղությունը կարող է արդար լինել: Այս հարցին ի պատասխան՝ Քոչարյանը նշել է.

«Արդար խաղաղություն չի լինի, եթե ԼՂ-ում ապրող հայերի ինքնորոշման իրավունքը չհարգվի ինչ-որ սահմաններում: Սառեցված իրավիճակը կարող է փոխվել, եթե փոխվի ուժերի հարաբերակցությունը, տարածաշրջանային աշխարհաքաղաքական դասավորությունները: Այդ պատճառով պետք է ձգտել խնդրի վերջնական կարգավորման և այն բանին, որ դա միջազգային իրավական փաստաթղթով պետք է ամրապնդվի»:

--00--ԱԹ