Հույս ունեմ,որ Covid-19-ի դեմ պատվաստվածների թիվն այս շաբաթ կանցնի 50 000-ի շեմը․Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվն այս շաբաթ կանցնի 50 հազարի շեմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն իրականացվում է ազգային իմունիզացիայի ծրագրի շրջանակում: Ես հույս ունեմ, որ այս շաբաթ 50 հազար քաղաքացու շեմը կանցնենք: 2020-ին արդեն իսկ բյուջեից հատկացված միջոցների հաշվին ձեռք բերված պատվաստանյութերն այս պահին մեզ հնարավորություն են տալիս ակտիվ կերպով կազմակերպել պատվաստումային գործընթացը»,- ասաց Ավանեսյանը:

Խոսելով 2020 թվականի իրավիճակի մասին՝ նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ առողջապահական համակարգը տարվա ընթացքում չի ունեցել անհատական պաշտպանիչ միջոցների պակաս: Նա դա շատ կարևոր հանգամանք համարեց՝ բժիշկներին, բուժաշխատողներին պաշտպանելու առումով:

Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ տարվա ընթացքում գերլարված ռեժիմով աշխատելով՝ համակարգը նաև կարողացել է ապահովել գրեթե բոլոր ծրագրային ցուցանիշները:

Առողջապահության ճշտված բյուջեն 2020-ի համար կազմել է 142 մլրդ դրամ, ինչը բավական ավելի է եղել նախատեսված միջոցներից: Ավել միջոցները նախատեսված են եղել ճգնաժամի հաղթահարմանը: Նախարարության կատարողականը կազմել է 98.3 տոկոս:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն իրականացվում են AstraZeneca, Sputnik V և CoronaVac պատվաստանյութերով:

--00--ԱՀ