Ոչնչի առաջ չեն կանգնելու․ չհավատաք ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի խոսքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է: Այս մասին այսօր ՀԱԿ համագումարին նշեց «Հայ ազգային կոնգրես»-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 

«Իմ կանխազգացմամբ՝ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները: Կա երկու բևեռ, որ հավակնում են ամեն գնով հասնել իշխանության, նրանք պատրաստ են ամեն ինչի, երկու կողմն էլ տիրապետում են հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների, երկու կողմն էլ դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար, դեռ ավելի վտանգավոր զարգացումների մասին չեմ ուզում խոսել, թե դա ինչի կբերի»,- ասաց նա:

Տեր-Պետրոսյանը նշեց, որ ՀԱԿ ընտրական ցուցակի կազմմանն ինքը չի մասնակցել, սակայն կարծում է՝ այս պահին կազմել են լավագույն ցուցակը:

«Ստեղծվում է վիճակ, որ մենք այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական, նորմալ ազգերը սթափության պահ են ապրում՝ հասկանալով պահի լրջությունը, սրանք այդ պահն օգտագործում են երկրի վիճակն ավելի խորը փոս նետելու համար: Ոչնչի առջև չեն կանգնելու, որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ոչ Փաշինյանի, ոչ Քոչարյանի, մենք տեսել ենք նրանց ազնիվ խոսքն ինչ է արժեցել»,- ասաց առաջին նախագահը: