Թատրոնի մեծ ընտանիքը ծանր կորուստ կրեց. մեզ հետ չէ Վարպետը՝ Վիլեն Գալստյանը. Օրբելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Օրբելյան Գալստյան

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի բարեկամներ,

Մեր Թատրոնի մեծ ընտանիքը ծանր կորուստ կրեց. այլևս մեզ հետ չէ Վարպետը, մեր թանկագին ընկերն ու արվեստի անմնացորդ նվիրյալը՝ Վիլեն Գալստյանը:

Հայկական բալետային արվեստի լեգենդար ներկայացուցիչն էր նա, անչափ բարի, գործի քաջ գիտակ, միշտ երիտասարդական ավյունով լեցուն: Մենք Վարպետին միշտ կհիշենք իր ազնվական կեցվածքով, միշտ ստեղծագործական նորանոր մտքերով, բալետային արվեստին անմնացորդ նվիրումով:

Կորուստը մեծ է, սակայն մենք պարտավոր ենք մխիթարանքի խոսքեր գտնել՝ յուրաքանչյուրս մեր Վարպետին հիշելով, նրա կենդանի հիշատակը վառ պահելով: Նրա ստեղծած բարձրարժեք արվեստը մեր Թատրոնում է, այն մնայուն արժեք է, նրա սաներն ամենուր են՝ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, Վարպետի գործը նրանցով է նաև շարունակելի:

Սիրելի Վիլեն Շմավոնի, թանկագին ընկեր, բարեկամ, մեծ հայ, մենք քեզ շատ կկարոտենք:

Հիշատակդ պայծառ է, սիրելի Արտիստ...»:

--00--ԱԹ