ՀԲԸՄ-ն Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել նահատակված հերոսների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

․

Հայկական բարեգործական ընդհանուր միություն նախագահ Պերճ Սեդրակյանն ու  Վազգեն Յակուբյանը հունիսի 2-ին ՀԲԸՄ անդամների, բարեկամների և գործընկերների ուղեկցությամբ հարգանքի տուրք են մատուցել 2020թ. Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկացրին ՀԲԸՄ մամուլի գրասենյակից։

«ՀԲԸՄ երիտասարդությունը ներկայացված էր ի դեմս ՀԲԸՄ-ի սկաուտների, Երիտասարդ արհեստավարժների և Հայորդաց տների սաների:

Նրանք մասնակցեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մատուցված հիշատակի արարողությանը. մի վայր, ուր հանգչում են բազմաթիվ հերոս ազատամարտիկներ և զինծառայողներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հոգեհանգստյան կարգ է կատարել՝ ներկաներին կոչ անելով միանալ իր աղոթքին և խնդրել Տիրոջը, որ մեր հերոսների հոգիները խաղաղության մեջ պահի և նրանց ընտանիքներին շնորհի ուժ վիշտը հաղթահարելու համար:

ՀԲԸՄ-ից հայտնում են, որ Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ խոնարհել պատերազմում հերոսաբար անմահացած հայորդիների շիրիմներին ՀԲԸՄ աշխարհասփյուռ կառույցների անունից, որոնք սգում են կորսված մարդկային կյանքերը՝ վերահաստատելով իրենց միասնությունն ամբողջ աշխարհում: Նա նշել է, որ ազգը հավերժ պարտական կմնա Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր տղաներին և աղջիկներին, և նրանց հիշատակը ամենուրեք վառ կմնա հայերի սրտերում և մտքերում:

--00--ԱՀ