Դիերի պահման պայմաններն ապտակ էին զինվորին ու ազգային արժանապատվությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Քանի օր է՝ հանրությունը ցնցված է զինծառայողների դիերի պահման պայմանները պատկերող լուսանկարներից, իսկ իշխանության ներկայացուցիչները սահմանափակվում են ընդամենը ներողություն խնդրելով։ Այս իրավիճակում առողջապահության նախարարի պաշտոնակատարի ներողությունն ո՞ւմ է պետք, երբ  տապալվել է ամբողջ համակարգը։ Այս մասին 24News-ին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը, որն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Հայաստան» դաշինքի ցուցակով։

«Ի՞նչ է նշանակում, երբ առողջապահության նախարարն ասում է՝ բացթողում էր։ Սա բացթողում չէր, դա ապտակ էր հայոց պետականությանը, զինվորին և ազգային արժանապատվությանը: Բազմաթիվ պատգամավորներ են ասում, որ պետք է լինեն մարդիկ, ովքեր պատասխանատվության պետք է ենթարկվեն, իսկ տիկին նախարարը պետք է առնվազն հրաժարական ներկայացներ և հետո ընթանային նաև իրավական գործընթացներ»,- նշեց նա:

Անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Առողջապահության նախարարը չի կարող ամեն օր գնալ և պտտվել բոլոր դիահերձարաններում, Գրիգորյանը ընդգծեց՝ երբ տեղի են ունենում աղետալի իրադարձություններ, պետք է պետական աստիճանակարգի վերևում կանգնած անձը պատասխանատվության ենթարկվի, չի կարելի է ասել, եթե ցածր օղակում գտնվող մարդիկ աշխատանքից ազատվել են, ուրեմն խնդիրը լուծված է:

Խոսելով ԱԳ նախարարի պաշտոնակատարի հրաժարականի մասին՝ անկախ պատգամավորը շեշտեց՝ եթե ազգային շահին հակասող գործընթացներ կան, Արա Այվազյանը պետք է լրացուցիչ մեկնաբանություններ տա և հստակ ուղերձներով խոսի և՛ հանրության, և՛ այլ գերատեսչությունների հետ, որպեսզի հասկանանք ի՞նչ կարող ենք անել:

«Այս իշխանությունից որևէ պետականամետ քայլ ակնկալելն անհնար է և ուղղակի պետք է 17 օր դիմադրենք, իշխանափոխությունից հետո հասկանանք՝ ինչ պայմանավորվածություններ է ունեցել Նիկոլ Փաշինյանն, ինչ իրավիճակում է բանակցային գործընթացը»,-հավելեց մեր զրուցակիցը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։